Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վեր կացավ, որ թարեքից մի քրեղան վերցնի պանրի փշրանքը մեջն ածելու։

Բայց քաղցած երեխաները չվախեցան այդ սպառնալիքից. հազիվ քույրը մի երկու քայլ էր արել, որ նրանք ձեռները կոխեցին տոպրակը և յուրաքանչյուրը թռցրեց հացի առաջին պատահած կտորը։ Սոնեն այս անգամ էլ կամեցավ վրա հասնել, բայց արդեն ուշ էր. երեխաներից մեկը մի անկյուն թռավ, մյուսը՝ մյուս և ամեն մեկն արդեն ագահաբար կրծում էր իր հափշտակած որսը, երբ քույրը նախ մեկին սկսեց թակել, հետո մյուսին։ Երեխաները կուչ էին եկել մեկը մի, մյուսը մյուս անկյունում, հափշտակված հացի կտորները պինդ շեքներն էին կոխել, որ քույրը չխլի, և թեև քրոջ անխնա հարվածները բավական ցավ էին պատճառում նրանց տկլոր մարմնին, ձայնները փորն էին գցել, լաց չէին լինում,— երևի զգում էին, որ հանցավոր են քրոջ նախազգուշացումը չլսելու համար և իրենց արժանի պատիժն են կրում։ Սակայն վերջ ի վերջո Սոնին աջողվեց երկուսի ձեռքից էլ խլել հափշտակած հացի կտորները։ Այս անգամ արդեն այնպիսի ճիչ ու ծղրտոց ընկավ խրճիթում, որ այլևս չէր լսվում քամու կատաղի ձայնը։

— Բա՛, ձեզ չասացի՞ ձեռ չտաք,— խրատական տոնով նկատեց քույրը։

— Տո՛, տափը մտած, ի՞նչ ես ուզում էդ լակոտներից,— տանջված ձայնով աղաղակեց մայրն աղջկա վրա։— Տո՛ւր զահրումար անեն, էլի՛։ Ես իմ ցավերի հետ ըլե՞մ, թե ձեզ հետ։ Ա՛, կտորվեք դուք, կտորվեք։

— Բա՛, խի՞ չեն մուլափ տալի,— հանգիստ կրկնեց Սոնեն և գնաց, որ քրեղանը վեր բերի թարեքից։

Մոր պաշտպանությունն առիթ տվեց երեխաներին ավելի ևս բարձրացնելու իրենց ձայնը, ճղճղում էին խոզի ճուտերի պես։

Մայրը իր զգացած ցավերից և այդ միալար ճղճղոցից ծայր աստիճան ջղայնացած՝ վեր թռավ տեղից, վազեց դեպի աղջիկը և այնպես պինդ ձիգ տվեց նրա մազերից, որ նա ձեռքից բաց թողեց երեխաներից խլած հացի կտորները և մի սոսկալի ճիչ արձակելով՝ փռվեց գետին։ Դրանից հետո Շուշանը անլուր անեծքներ թափելով քարշ եկավ նորից դեպի