Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երբ նրանք կշտացրին իրենց քաղցած փորը, նորից մտան յափնջու տակ, այս անգամ հյուրասիրելով և քրոջը, որ արդեն հաշտվել էր նրանց հետ։ Երեքն էլ գոհ էին իրենց վիճակից. փորները կուշտ էր, յափնջին տաք, էլ ի՞նչ էր հարկավոր, — ոչինչ։ Եվ նրանք, յափնջու տակ ուրախ-զվարթ քչփչում-ճլվլում էին թխսկան հավի թևերի տակ պատսպարված ձագուկների պես։

Այնինչ աշնանային կարճատև օրն արագորեն մթնում էր և առանց այն էլ մութ խրճիթը թաղվում էր մթության մեջ։ Դռան տախտակների արանքից ներս թափանցող լույսի շերտերն այժմ հազիվ էին նշմարվում։ Օրը տարաժամելու հետ քամին կարծես ավելի էր սաստկանում և սպառնում լուսամուտի թղթերը պատռելով ներս խուժել ամբողջ թափով։

— Աղջի՛,— կանչեց Շուշանը։

Սոնեն գլուխը հանեց յափնջու տակից։

— Վեր կաց էն անտեր ճրագը վառի։

Ցրտից սարսռալով Սոնեն դուրս սողաց իր տաք տեղից, վառեց թարեքի վրա դրված լամպը և վազելով նորից մտավ յափնջու տակ։ Լամպն այնքան լույս չէր արձակում, որքան ծուխ, որովհետև ապակին կիսով չափ կոտրված էր, ծուխը հաստ շերտերով լիզել էր ապակու պատերը և այժմ այդ շերտերի վրա նոր շերտեր էր ավելացնում։

Յափնջու տակ քչփչոցի ձայները շարունակվում էին, ամենից շատ լսվում էր քրոջ ձայնը, ինչպես երևում էր, հեքիաթ էր պատմում։ Սակայն այդ քչփչոցի ձայները շուտով տեղի տվին հորանջումների։ Սոնեն նորից դուրս սողաց յափնջու տակից, հայտնի չէ որտեղից, քարշ տվեց մի ներքնակ ու վերմակ, անկողին պատրաստեց, որի վրա պառկեցրեց երկու փոքրիկներին, վերմակն ու յափնջին խնամքով ծածկեց, ինքն էլ մտավ նրանց կողքին, ու գրեթե նույն րոպեին քնեցին երեքն էլ։

* * *

Այնինչ նրանց մայրը իր լաթերի վրա կուչ ու հուպ գալով շարունակում էր տնքալ զսպված ձայնով, ցավերը գնալով սաստկանում էին։ Մենակ էր, ոչ ոք չուներ, որ օգներ։ Երկու երեխա այդպես, առանց «տատմոր» օգնության էր բերել,