Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Օհան ջան, Օհան,— դարձավ նա Մարիսյանին,— հլա մի ինձ ասա, քե մատաղ, դու ես շատ ուսում առե՞լ, թե՞ իմ Մինասը։

— Ո՞նց թե շատ։

— Ուզում եմ ասի՝ դու էլ ես քաղաք գնացել, ուսում առել, նա էլ, բա էդ ո՞նց ա, որ դու հրեդ եկել գեղում նստել, ըսհենց սարքին բաղ ես պահում, ճանճ ես պահում, իսկ նա հեչ բանի պետք չի գալիս։

— Ի՞նչ բանի ես ուզում, որ պետք գա, Խեչան ապեր։ Գեղումը ի՞նչ կարա անի նա։

— Ո՞նց թե ի՛նչ կարա անի։ Դու հրեդ ի՞նչ ես անում։ Ես հու չեմ ասում գա ինձ հմար տավարած դառնա, մեշին գնա, վարուցանք անի. փառք աստծու, մենք էլ բաղ ունենք, ճանճ ունենք, թող գա քեզ պես սարքին գցի, որ մենք էլ մի քիչ օգուտ ստանանք էդ բաղ ու ճանճից. թե չէ, հըմի ի՞նչ — վազները տարվետարի որդակալում, չորանում են, քաշած գինին ըսկի մեզ էլ չի հերիքում, ճանճը սատկում ա, յա թե մեղրի մենձ փայը ինքն ա ուտում։ Դե մենք մեր վարուցանքի, մեր կալուկուտի, մեր տավարի հետևիցն ենք, ինքն էլ թող գա բաղին ու ճանճին մտիկ տա. կարա, չէ՞։

— Չի կարա, Խեչան ապեր. դրա համար առանձին ուսում ա պետք, առանձին սեր ա պետք։ Ինձ ի՞նչ ես մտիկ անում. էս գործը ես սիրում եմ և դրա համար քաղաքում հատուկ կուրսեր եմ անցել, հատուկ ուսում եմ առել։ Ես ուրիշ ճամփով եմ գնացել, նա էլ երևի ուրիշ ճամփա ա ընտրել իր համար։

— Ի՞նչ ճամփա, ա՛ քե մատաղ, չի ըլի՞ էդ ճամփեն մի ես էլ տեսնամ։ Ես միայն էն գիտամ, որ իրա քաշովը մին փող ա նստել ինձ վրա, հլա ուզում ա էլի խարջեմ։ Հրեն նամակ ա գրել. ասում ա, ուսումս հլա թմամել չեմ, ուզում եմ գնամ Գերմանի ուսումս շարունակեմ, գիտնական դառնամ, հինգ հարիր մանեթ փող ղարգի։

— Հետո՞։

— Ա՛, հինգ հարիր մանեթը աղբ ա՞ քուչումը թափած, հավաքեմ ղարգեմ իրա՞ն։ Ընչի՞ս ա պետք գիտնականը։ Ես հրես ծերացել եմ, ինձ քյոմագ ա հարկավոր։ Նրա գիտնականությունը ջուր անեմ խմե՞մ։