Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Խեչան ապեր, անպատճառ խո չպիտի՞ գա գեղում նստի, որ քեզ օգնի. գիտնական որ դառնա, էնքան փող կաշխատի, որ թագավորի պես կպահի քեզ։

— Վա՛յ, արևիդ մատաղ ըլեմ, Օհան ջան,— վրա բերեց ծերունին քմծիծաղով։— Էդ որ ուրիշն ասեր, է՜, կասեի խամ ա, դո՞ւ ոնց ես ասում։ Յանի թե էն մեկէլները, որ գնացել են մենձ-մենձ մարդիկ դառել, ի՞նչ խեր են տվել իրենց ծնողներին, որ իմը ի՜նչ խեր տա ինձ։ Այ, հեռու չգնամ. մեր հարևան Պետինին հու ճանանչում ես։ Մեզ պես մի խեղճ ռանչպար մարդ ա, հալից գնացած։ Որդին հրեն ինջիներ, ապրում ա թագավորի պես։ Էն գնացած տարին էս մեր Պետին վեր ա կենում գնում քաղաք՝ որդուն տես։ Օխտը տարի տեսած չի ըլում։ Հենց գնացած օրը, ոնց ա ըլում, սրա ինջիներ որդին ղոնաղներ ա ունենում ճաշին։ Սրան տանում են կուխնեն, ասում՝ ճաշդ ըստեղ կեր, դուրս չգաս, ամոթ ա։ Ա՛յ, Օհան ջան, ոնց են պատվում, թագավորի պես պահում իրենց հալևոր ծնողներին մենձ-մենձ մարդիկ դառած գյադեքը։

Մարիսյանը, ըստ երևույթին, ոչինչ չունեցավ առարկելու, որովհետև, ինչպես պատմեց ինձ հետո, ծերունու պատմած այս դեպքը իսկապես տեղի էր ունեցել և եզակի չէր։ Այնինչ շատախոս ծերունին դեռ երկար ժամանակ գանգատվում էր այս երևույթից, առանձնապես ծանրանալով իր որդու վրա։ Երևում էր, շատ էր դառնացած, որ ինձ պես մի օտար մարդու ներկայությունն անգամ չէր ստիպում նրան խնայելու իր որդուն գեթ հայրական անձնասիրությունից։ Վերջը այն եզրակացությանն եկավ, թե՝

— Դուզը որ ասեմ, մեղավորը որդիս չի, մեղավորը ես եմ, որ նրան քաղաք ղարգեցի։ Ղարգեցի էլ, շատ չպիտի պահեի. մի տարի, երկու տարի, շատ-շատ՝ իրեք տարի, մինչև որ գրի սև ու սիպտակը ջոկեր, հետո ետ պտի բերեի, ասեի՝ հերիք ա, էլ ավելի պետք չի, կաց ինձ քյոմագ արա։ Թե չէ, ի՞նչ, օխտ-ութ տարեկան գնաց, օխտ-ութ անգամ գեղի երես չտեսավ, գնաց— խորթացավ։ Իմ կարճ խելքովը, գեղի լակոտը ոտը դուրս չպիտի դնի գեղից, գնաց — կորավ գեղի համար, ուզում ա՝ ուսումնական դառնա, ուզում ա՝ փեշաքյար։

— Բա ես ինչի՞ չկորա, Խեչան ապեր,— նկատեց Մարիսյանը ծիծաղելով։