Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Է՜, դու որ կաս, դու ուրիշ ես, Օհան ջան։ Հալալ ըլի կերածդ կաթը։ Ո՞ւր էր, թե իմ Մինասն էլ քեզ նման ըլեր. էլ իմ քեֆին քեֆ կհասնե՞ր։ Մախլաս։

Ծերունին գլուխը թափ տվեց, ներողություն խնդրեց իր «ավել-պակասի» համար և գնաց։

2

Անցավ մոտ երկու շաբաթ։ Մի օր Մարիսյանը հայտնեց ինձ, թե Խեչան ապոր որդին՝ Մինասը, եկել է քաղաքից։

— Երևի հայրը հինգ հարյուր մանեթը չի ուղարկել, եկել է, որ տանի,— ավելացրեց նա ծիծաղելով։— Պետք է ծանոթացնեմ քեզ։ Մի քիչ կզվարճանաս։ Հրավիրել եմ, վաղը կգա։

Եվ իսկ ապես հետևյալ օրը եկավ։

Խաղաղ երեկո էր։ Մարիսյանն իր վերջին աշխատանքն էր կատարում այգում և փեթականոցում։ Ես նստած էի պատշգամբում և գիրք էի կարդում։ Ներքևը հաստաբուն ու լայնասփյուռ ընկուզենու տակ փոքրիկ, կողքը ջարդված հեշտաեռը ժանգոտ խողովակը գլխին ցցած՝ վատ այրված ածուխի և նավթի հոտած ծուխ էր արձակում։ Արևը նոր էր մայր մտնում. երեկոյի զովը դեռ զգալ չէր տալիս իրեն։ Շուրջը կատարյալ հանգստություն էր տիրում։ Գյուղը դեռ չէր վերադարձել դաշտերից. հնձի ամենաեռուն ժամանակն էր։ Այգու պահապան գամփռ շունն ընկուզենու տակ չորեքթաթ նստած՝ իր ահագին խելացի աչքերով նայում էր ինձ և, կարմիր լեզուն հանած, հեթեթում. երբեմն էլ հանկարծ դադարում էր հեթեթալուց և իր ահագին ատամներով վրա ընկնում քթիթ անելու իր տեղ-տեղ բուրդը թափված մարմնի այս կամ այն մասում։

Այգու ցանկապատի դուռը ծեծեցին։ Շունը հանկարծ ծուլ ելավ նստած տեղից և ահագին ոստյուններով ու հաչոցով թռավ դռան կողմը։

— Նա է անպատճառ,— ասաց Մարիսյանը, շտապելով շան հետևից։

Շան հաչոցը երկար ժամանակ չէր դադարում, հետո սկսեց կամաց-կամաց խլանալ ընդարձակ այգու խորքերում։

Եկողն իսկապես Խեչան ապոր որդին էր — մի թխադեմ