Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երիտասարդ, շատ սև աչք-ունքով, նույնքան սև փոքրիկ բեղերով ու կարճ մորուքով և դեպի ետ սանրած երկայն փայլուն մազերով։ Մի ձեռքին մի կույտ տետրակներ կային, մյուս ձեռքին՝ մի հաստամարմին և հաստագլուխ ձեռնափայտ։ Հագին կապույտ բլուզ էր, ոլորած ղայթանի գոտիով, որի երկար ծոպերը կախ էին ընկած կողքից երկու ծանր փնջերով։— Ժամանակակից հավիտենական ուսանողի տիպ։

— ...գյուղի աղբը, մեկ էլ այս շները ամենևին չեմ սիրում,— դեռ հեռվից լսեցի նրա խոսակցության շարունակությունը։

— Կատարյալ կատաղի գազաններ. չորս կողմից այնպես են վրա տալիս, որ չպաշտպանվես, կուտեն։

— Հերդ օրհնվի, այնպես ես խոսում, կարծես պորտդ գյուղում չեն կտրել,— նկատեց Մարիսյանը։

— Ինչպե՞ս թե պորտս կտրել... չեմ հասկանում։

— Ժողովրդական դարձվածք է. պորտը կտրել— կնշանակի ծնվել։

— Ճիշտ է, գյուղում եմ ծնվել, բայց քանի՜ տարի է գյուղում չեմ եղել։ Բայց մի բան. ինչո՞ւ քաղաքի շներն այսպես չեն։

— Այսինքն, ինչպե՞ս չեն։

— Այսպես կատաղի։

— Որովհետև քաղաքի շները քաղաքակրթված են,— նկատեց Մարիսյանը ծիծաղելով և, նրա հետ թևանցուկ բարձրանալով պատշգամբը, ներկայացրեց ինձ.

— Խնդրեմ ծանոթանաս, Խեչան ապոր տղան — Մինաս Փափախչյան, գերմանական համալսարանի ապագա ուսանող։

Փափախչյանը շատ քաղաքավարի սեղմեց ձեռքս, ձեռնափայտը դրեց մի անկյունում, տետրակները՝ սեղանի վրա և նստեց։

— Օհան, գիտե՞ս, որ շատ ճիշտ էր նկատողությունդ, թեև կատակով ասացիր,— ասաց նա լրջորեն, դիմելով իրենց առաջվա խոսակցությանը։— Քաղաքի շներն, այո, քաղաքակրթված են, որովհետև հայտնի է, որ միջավայրն ազդում է նաև կենդանիների վրա։ Ես դիտել եմ, որ քաղաքի շունը գիտե տարբերել օրինավոր հագնված մարդուն աղքատ հագնված մարդուց։ Այն տան բակում, ուր ապրում եմ ես քաղաքում,