մի շուն կա. հենց որ մի մուրացկան է մտնում, իսկույն կատաղի հաչոցով վրա է պրծնում, իսկ օրինավոր հագնված մարդու վրա ամենևին չի հաչում։
— Իսկ այստեղ ընդհակառակը, չէ՞։
— Երևակայիր, որ՝ այո։ Ձեր շունը տեսար, է՛լի, ինչ էր ուզում անել ինձ, իսկ մի տրեխավոր գյուղացի որ մտներ, երևի ձայն չէր հանի։
— Շատ ճիշտ ես ասում, Մինաս ջան,— նկատեց Մարիսյանը ծիծաղելով, բարեկամաբար երկու ձեռքով խտղտելով նրա կուրծքն ու մեջքը։— Եվ իզուր դու տրեխներով չես եկել գյուղ։ Իսկ առայժմ ես վազեմ կարգադրելու, որ այս երեկո մի լավ քեֆ անենք ի պատիվ քո այցելության։
Եվ իսկապես վազեց։
Ես ու Փափախչյանը մնացինք մենակ և, իբրև նոր ծանոթներ, առժամանակ խոսակցության նյութ չէինք գտնում։ Տեսա, որ Մարիսյանը հենց սկզբից ձեռք էր առել նրան, ես այդ հիման վրա աշխատում էի նրա բավականին կանոնավոր դիմագծերի մեջ ներքին դատարկության և հիմարության որևէ նշան գտնել, բայց նա շատ լուրջ էր պահում իրեն։
— Եկել եք գյուղը հանգստանալո՞ւ,— աոաջինը խոսեց Փափախչյանը։
— Այո։
— Շա՞տ ժամանակ է։
— Մոտ մի ամիս։
— Եվ դեռ չէ՞ք ձանձրացել։
— Ինչո՞ւ։
— Ես ի՞նչ գիտեմ։ Կուլտուրական մարդը, կուլտուրական կյանքի սովոր մարդը գյուղում մի ամիս ապրի և չձանձրանա, այդ մի քիչ զարմանալի է։
— Զարմանալու ոչինչ չկա. ես ինձ այստեղ շատ լավ եմ զգում։
— Դա, իհարկե, այսպես ասած՝ խառնվածքի խնդիր է,— նկատեց Փափախչյանը։— Իսկ ես ահա հինգերորդ օրն է այստեղ եմ և չեմ իմանում ի՛նչպես սպանեմ ժամանակս։ Գիշերները խո ամենևին չեմ կարողանում քնել գարշահոտությունից և փայտոջիլներից։ Ամբողջ գյուղն առհասարակ փտում է անմաքրության մեջ։ Գյուղացին ոչ մի գաղափար