Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չունի մաքրության մասին։ Հետս ձեռքի սապոն եմ բերել, ամեն օր նրանով եմ լվացվում։ Հայրս ի՞նչ ասի, որ լավ լինի. սապոն գործածողն, ասում է, բան չի շինի։ Երևելի փիլիսոփայություն է, չէ՞ ։ Այս կլասիկ խոսքերով արդեն կարելի է դատել, թե ինչ աստիճանի վրա է գտնվում մեր գյուղացու կուլտուրական մակարդակը։ Իսկ անգլիացին գիտե՞ք ինչ է ասում։

— Ի՞նչ։

— Անգլիացին ասում է. մի ժողովրդի կուլտուրական զարգացման աստիճանը կարելի է չափել նրա գործածած սապոնի քանակով։ Այսինքն՝ մի ժողովուրդ որքան ավելի շատ սապոն է գործածում, այնքան ավելի կուլտուրապես զարգացած է, և որքան ավելի քիչ, այնքան ավելի հետամնաց է։ Հասկանալի է, չէ՞։

— Շատ հասկանալի։

— Ահա, հեռու չգնանք. վերցնենք իմ հոր տունն ու այգին և մեր բարեկամ Մարիսյանի այս սիրուն բնակարանն ու այգին. սա ուղղակի դրախտ է իմ հոր պահած տան ու այգու հետ համեմատած։ Ահա՛ թե ինչ է նշանակում կուլտուրական և անկուլտուրական մարդ լինել։ Եվ ես հիմա եմ հասկանում, թե ինչու ասացիք, թե դուք այստեղ շատ լավ եք զգում ձեզ։ Եվ իհարկե, այստեղ կարելի է ըստ ամենայնի հանգստանալ և պարապել. իսկ մեր տանը, չեմ ասում մի առանձին սենյակ, մի կարգին սեղան էլ չկա, որ նստեմ և շարունակեմ գրական աշխատանքներս։

— Դուք գրո՞ւմ եք։

— Այո։

— Հետաքրքրական է։ Ի՞նչ եք գրում։

— Առայժմ վեպեր և բանաստեղծություններ։ Ահավասիկ, բերել եմ կարդալու (նա ցույց տվեց հետը բերած տետրակների կույտը)։ Մտադիր եմ պիեսներ էլ գրել։

— Ձեր գրվածքներից դեռ ոչ մի տեղ ոչինչ չի՞ լույս տեսել։

— Գիտե՞ք ինչ,— ասաց Փափախչյանը հապաղելով,— մի քանի բան ուղարկել եմ (նա տվեց մի քանի պարբերականների անուններ), բայց չգիտեմ ինչու, չեն տպում, որովհետև, առանց պարծենալու կարող եմ ասել, եթե ուրիշներից