անհամեմատ ավելի լավ չեմ գրում, վատ էլ չեմ գրում։ Սիրում եմ երբեմն ինքս ինձ կարդալ իմ գրվածքները և ուղղակի ապշում եմ, թե մի՞թե այդ ես եմ գրել — այնքան ոգի, շունչ, եռանդ, թափ, ոճ ու գեղարվեստ կա։ Ահա այս երեկո կկարդամ, և ինքներդ կհամոզվեք, որ ես չեմ ասում, թե շատ մեծ տաղանդ ունեմ, բայց համենայն դեպս աչքի ընկնող տաղանդից էլ զուրկ չեմ։
— Իսկ ի՞նչ է ձեր գրվածքների նյութը։
— Ի՞նչ կարող է լինել սովորաբար վեպերի և բանաստեղծությունների նյութը — սերը։
— Սերը սովորը կուտի, թանը մոլորը, եղբայր Մինաս,— լսվեց Մարիսյանի բարձր ձայնը ներքևից և շուտով երևաց նա ինքը՝ իրեն հատուկ շտապ քայլերով, իր տասը-տասներկու տարեկան փոքրիկ քրոջ հետ, որը սովորաբար տանտիկնություն էր անում մեզ համար։
Հեշտաեռն արդեն եռում էր, և քույր ու եղբայր սկսեցին թեյի պատրաստություն տեսնել։
— Այդ ի՞նչ սիրո մասին էր խոսքդ,— դիմեց Մարիսյանը Փափախչյանին։
— Խոսքը վեպերիս և բանաստեղծություններիս նյութի մասին էր։ Պարոնը հարցնում էր, թե...
Մարիսյանը հանկարծակիի եկածի նման արտահայտություն տվեց դեմքին։
— Ա՛խ, դու գրողությա՞մբ ես զբաղվում,— բացականչեց նա։
— Ինչպե՞ս թե գրողությամբ. հայերեն գրողություն բառ չկա։
— Ներողություն, հանկարծ դուրս թռավ բերնիցս։ Ուզում էի ասել՝ ուրեմն դու վիպասանություն և բանաստեղծությո՞ւն ես անում։
— Դարձյալ հայերեն չէ։
Փափախչյանի շատ լուրջ կերպով արած այս նկատողության վրա Մարիսյանի հետ իմ էլ ծիծաղը բռնեց ակամա։
— Վայ, Մինաս ջան, հոգիդ սիրեմ, կատակ եմ անում,— ասաց Մարիսյանը նորից երկու ձեռքով գուրգուրելով նրա կուրծքն ու մեջքը։— Շատ լավ, շատ հրաշալի գործ ես