Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հավաքեց տարավ, Փափախչյանը, որ, ըստ երևույթին, անհամբեր սպասում էր այդ րոպեին, ասաց.

— Հիմա, կարծեմ, կարող եմ կարդալ։

Մարիսյանը նախքան նրան պատասխանելը այնպիսի մի աղերսալի հայացք ձգեց ինձ վրա, որով կարծես օգնություն էր հայցում, որ իրեն էլ, ինձ էլ ազատեմ Փափախչյանի այդ սպառնալիքից։

— Չէ, Մինաս ջան, հոգուդ սատկեմ,— ասաց նա,— հիմա ուշ է, որ սկսես, ե՞րբ պիտի վերջացնես։ Ես էլ հոգնած եմ, վախենում եմ լսելիս քունս տանի։ Եկ հիմա թող. մի ուրիշ ազատ օր նշանակենք, ցերեկով։ Այ, եկող շաբաթ կարծեմ տոն է. առավոտից կգաս, կնստենք կկարդանք թարմ ուղեղով, ոչ դու կհոգնես կարդալով, ոչ էլ մենք՝ լսելով։ Այդպես լավ կլինի չէ՞,— դիմեց ինձ Մարիսյանը նույն աղերսալի հայացքով։

Առանց այդ հայացքի էլ ես հասկանում էի նրա միտքը։

— Իհարկե, այդպես ավելի լավ կլինի,— պնդեցի ես։

— Հա, հա, Մինաս ջան, չնեղանաս, եկող շաբաթ օրը, ցերեկով։ Իսկ հիմա գիտե՞ս ինչ կանենք, հիմա մի քիչ կշարունակենք մեր քաղցր զրույցը, մինչև որ ընթրիքը պատրաստ կլինի. հատուկ քո պատվին ասել եմ ճուտեր տապակեն. լավ էլ գինի ունեմ, կնստենք մի լավ քեֆ կանենք։

Փափախչյանը ձայն չհանեց. նկատեցի, որ սիրտը կոտրվեց, եկել էր մեզ զարմացնելու իր վիպասանի և բանաստեղծի տաղանդով, իսկ մենք ինչ-որ պատճառաբանություններով հրաժարվում էինք այդ գեղարվեստական հաճույքից։

Բայց հետո, ընթրիքի ժամանակ, նրա սիրտը կամաց-կամաց տեղն ընկավ, քեֆը բացվեց, և գլուխը որ մի քիչ տաքացավ, սկսեց արիաներ երգել զանազան օպերաներից, օպերային արտիստի բոլոր շարժուձևերով։

— Ա՜խ,— հառաչեց նա,— շատ եմ սիրում օպերաները, ձայն որ ունենայի, է՜, ինձ նման երգիչ չէր կարող լինել։

— Դե, Մինաս ջան,— նկատեց Մարիսյանը,— համ վիպասան, համ բանաստեղծ, համ աստվածաբան, համ փիլիսոփա, համ էլ երգի՞չ, էդ ո՞նց կլինի։

— Ոնց կլինի՞։ Ա՛յ ոնց կլինի,— բացականչեց Փափախչյանը