Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամեն բան պատահում է, և ամեն բան կարող է պատահել» — այսպիսի հեգնակա՞ն ասեմ, թե՞ դիվական անխիղճ խոսքերով էր վերջացնում իր նամակը։

Սկզբում կարևորություն չտվի այդ նամակին. կարծում էի, թե մի կատակ է այդ, որով չարաճճին ուզում է զվարճալի մի խաղ խաղալ ինձ հետ կամ փորձել իմ սերը։ Բայց հետագայում որքան եղավ նախ զարմանքս, հետո զայրույթս և, ի վերջո, հուսահատությունս, երբ իրար հետևից գրած նամակներիս և հեռագրերիս և ոչ մեկի պատասխանը չստացա։ Ու երբ այս խենթացնող լռությունից հետո, կատարյալ հուսահատության մեջ, ինչ անելիքս չգիտեի, անսպասելի կերպով ստացա մի լակոնական հեռագիր— «Ամուսնացա»։ Մի բառ միայն, և ուրիշ ոչինչ։ Այս հեռագիրը տվել էր, երևի, նրա համար, որ այլևս չձանձրացնեմ իրեն նոր նամակներով ու հեռագիրներով։

Սկզբում այդ հեռագիրն ինձ այնքան էլ չազդեց, որովհետև արդեն նախապատրաստված էի, բայց հետո նկատեցի, որ ինչ-որ քարացում, հոգեկան ապատիա է եկել վրաս. իսկ երբեմն էլ, մանավանդ գիշերները, երբ քնել չէի կարողանում, և ուղեղս գործում էր հիվանդագին հուզման մեջ, ինձ թվում էր, թե խելագարվում եմ։ Առաջ, երբ բնավ չէի կասկածում նրա սիրույն և լիովին հավատացած էի, որ նա իմս էի լինելու թե այնպես ուժգին չէի սիրում նրան, ինչպես այժմ, երբ նա դավաճանել էր ինձ, և ես արդեն կորցրել էի նրան առմիշտ ու անդարձ։ Այդպես է լինում միշտ. սիրույդ առարկան կրկնակի սիրելի է թվում նրան կորցնելուց հետո։

Այլևս չէի հասկանում, թե ինչ է պատահում ինձ. այնպիսի մի դատարկություն էի զգում շուրջս ու ներսս, որ կարծես ուղեղս հանել էին գանգիցս և ինձ նետել մի անապատ՝ թափառելու սոսկալի ամայության մեջ, աննպատակ ու անղեկ, առանց ձգտումների, առանց իդեալների, առանց փրկության որևէ հույսի։ Մի բան միայն զգում էի շատ պարզ ու շատ որոշակի. դա վրեժի թույնն էր, որ կաթիլ առ կաթիլ կուտակվում էր սրտիս մեջ և սպառնում պայթելու այն աղջկա գլխին, որ այնքան անխղճորեն անարգել էր ոչ միայն իմ ամենանվիրական զգացումները, այլև ինձ իբրև