Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարդու, և սպառսպուռ ջախջախել բոլոր հույսերս, իմ ամբողջ ապագան։ Քանի նա չէր դավաճանել ինձ, ես մի արծիվ էի՝ հոգով ու մտքով բարձունքներում սավառնող, այժմ դարձել էի թևերը կտրած ողորմելի մի ճնճղուկ՝ գետնի վրա ցատկտող։ Կարո՞ղ էի ես այդ ներել նրան։ Ու վճռեցի անողոք լինել դեպի նա նույնքան, որքան անողոք եղավ նա դեպի ինձ։

«Ես չկամ, թող ինձ հետ նա էլ չլինի» — ասացի ու մի օր վեր կացա, թողի համալսարանն էլ, դիսերտացիաս էլ, ամեն բան և եկա վճիռս իրագործելու։ Բայց այստեղ ինձ այնպիսի մի հուսահատություն էր սպասում, որի մասին բնավ չէի մտածել.— դավաճան աղջիկը մեկնել էր արտասահման իր, ինչպես իմացա, շատ հարուստ ամուսնու հետ։

Հուսալքումը նորից եկավ տիրեց ինձ նոր թափով և այնքան ուժեղ, որքան վրեժի զգացումս մնացել էր անհագուրդ։ Այն գիտակցությունը, որ ես կատարելապես զինաթափ եմ եղած, պարզապես խելագարեցնում էր ինձ։ Ու եղավ մի րոպե, որ քիչ մնաց ձեռք բարձրացնեի ինքս ինձ վրա՝ հոգեկան անտանելի տառապանքներիս մի անգամից վերջ տալու համար։ Բայց հետո մտածեցի, որ այդ արդեն չափազանց փոքրոգություն կլիներ և, բացի այդ, հույս ունեի, որ վաղ թե ուշ կհանդիպեի նրան, ինձ հասցրած անարգանքի փոխանցումը տալու։

Հոգեկան այդ դրությանը նորից հաջորդեց ծայր աստիճան անտարբերություն ու անզգայություն դեպի ամեն ինչ։ Ուժեղ ցնցումներ էին պետք՝ ինձ այդ անտարբերությունից և անզգայությունից հանելու համար, և այդ ցնցումները ես ուրիշ բանի մեջ չգտա, բայց եթե միայն ծախու կանանց և գիշերները լուսացնող ընկերներիս շրջանում Կյանքի ճահիճը կամաց-կամաց ծծում էր ինձ, և ես չէի նկատում այդ։ Ու, երբ նկատեցի, շատ ուշ էր. ես կորած մարդ էի արդեն։

Երբեմնի իրավագիտության վերջին կուրսի ուսանող, փառավոր ապագայի հույսերով լեցուն, հասարակական լայն գործունեության երազանքներով թևավորված,— այժմ դարձել էի դատարանների կողմանոցների կեղտոտ սեղանների վրա զանազան խնդրագրեր ու կլյաուզներ գրող, զանազան