Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէի թվացել, ինչպես այդ միջոցին։ Մի րոպե աշխատեցի հոգուս խորքում պրպտել վրեժի այն զգացումը, որ մի ժամանակ լափում էր ինձ և որի ազդեցության տակ այնքան հպարտ, այնքան անխոցելի ու արդարացի էի զգում ինձ, ու ոչինչ չգտա. հոգիս միանգամայն ամայացել էր։

Ու երբ շփոթված և կակազելով, ներողություն հայցող ձայնով փորձեցի հիշեցնել նրան, թե ով եմ ես, նա սկզբում կարծես թե զարմացավ, շփոթվեց, հետո հանկարծ թողեց ինձ առանց մի խոսք անգամ արտասանելու, կառք նստեց և հեռացավ, ըստ երևույթին վախեցած, որ ես կարող եմ հետապնդել իրեն։ Այդ օրը ես անցկացրի գինետանը, որտեղից ինձ դուրս բերին թևերիցս բռնած։

Այնուհետև, այս հանդիպումից հետո, այն սակավ ժամերին, երբ խմած չէի լինում և կարողանում էի քիչ թե շատ խորանալ մտքերիս մեջ, ինձ շատ էր մտատանջում այն հանգամանքը, թե ի՞նչ էր բուն պատճառը, որ ես այս աստիճան ընկել էի։ Իսկապես որ, խո չէ՞ր կարելի այդ պատճառը դժբախտ սերը համարել— մի բան, որը շատ-շատ կարող էր միայն ժամանակավորապես ընկճել, բայց ոչ առմիշտ կործանել մարդու։ Դա անհեթեթություն կլիներ։

Բուն պատճառը պետք է որ ուրիշ տեղ լիներ։ Ու սկսեցի այդ պատճառը որոնել սիրածս աղջկա դավաճանությունից դուրս, որոնել իմ էության մեջ, որովհետև անկարելի էր, որ ես այս աստիճան ընկնեի, եթե անկմանս սաղմերը չկրեի ինքս իմ մեջ։ Բայց որո՞նք էին այդ սաղմերը, որտեղի՞ց էին ընկել իմ մեջ, ի՞նչ էր նրանց արմատը — այս ուղղությամբ կատարած պրպտումներս դեռ երկար ժամանակ մտատանջում էին ինձ առանց որևէ եզրակացության հանգելու, մինչև որ, վերջապես, միանգամայն պատահական կերպով գտա բուն արմատը մի պատմվածքի ընթերցումից հետո, որը հանկարծ լուսավորեց իմ մինչ այդ մութ ներքին աշխարհը։

Այդ պատմվածքն իտալական մի սիրավեպ էր «Վրեժ» վերնագրով։

Այստեղ բառացի թարգմանությամբ առաջ եմ բերում այդ սիրավեպը, որի վերնագիրը, սակայն, դնում եմ «Նա», պատմվածքի հերոսին ինձ հակադրելու համար։