Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՆԱ
1

Վենեցիայում, դոժերի, ջրանցքների և գեղարվեստների այդ հրաշակերտ քաղաքում, մի հին ազնվական ընտանիքի մեջ ապրում էր այդ ընտանիքի միակ զավակը — գեղեցիկ Ջուլետտան։ Այնքան էր գեղեցիկ նա, որ թվում էր, թե հողեղեն չէ, այլ մի հավերժահարս, որ դուրս է եկել ծովի փրփուրներից։ Աչքերը կապույտ էին, ինչպես Իտալիայի ջինջ երկինքը, հայացքը զվարթ ու անհուն, ինչպես Ադրիատիկի հորիզոնները։ Ոսկեգույն ժամերը սքանչելի գանգուրներով պսակում էին նրա փոքրիկ, սիրունիկ գլուխը։ Երբ ժպտում էր (բայց ե՞րբ չէր ժպտում), նրա չքնաղ այտերի վրա մատնեհարներ էին գոյանում, և փոքրիկ բերանի մեջ վարդագույն շրթունքների տակ շողշողում էին փղոսկրի պես սպիտակ ու ամուր մանրիկ ատամները։ Միշտ զվարթ էր գարնան արևի պես, միշտ թռվռուն՝ թիթեռնիկի պես, միշտ չարաճճի՝ կայտառ երեխայի պես։ Երկու գույն էր սիրում — կարմիր ու սպիտակ, և նրա արդուզարդի ու կրծքի վրա միշտ անպակաս էին այդ երկու գույնի ծաղիկները — մեխակը և շուշանը։ Նա ինքը թարմ ու հոտավետ ծաղիկ էր՝ կարմիր կամ սպիտակ, նայելով թե ինչ գույնի հագուստ էր հագնում — մեխակի պես կարմի՞ր, թե՞ շուշանի պես սպիտակ։

2

Մի անգամ, գարնանային մի սքանչելի երեկո, որպիսին միայն Ադրիատիկի ափերումն էր լինում, երբ Ջուլետտան իր հոր պալացցոյի վերին հարկի իր փոքրիկ սենյակում զբաղված էր իր սպիտակ հագուստով և կրծքին մեխակի կարմիր ծաղիկն էր ամրացնում, որ զբոսանքի դուրս գա Պոնտե-Ռիալտոյի տակ Մեծ ջրանցքի վրա, դրսից ինչ-որ նվագածության ձայն լսեց։ Մի հմուտ ձեռք սերենադ էր նվագում ջութակի վրա։ Ջուլետտան վազեց դեպի բաց պատուհանը և ցած նայեց դեպի փողոց։