Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նվագողը մի պատանի էր իտալական լայնեզր գլխարկով։ Այնքան մեղանուշ, այնքան դյութիչ էր նվագած եղանակը, որ Ջուլետտան կարծում էր, թե իր սրտի լարերի վրա են նվագում։ Նա մեքենայաբար կիսով չափ դուրս հանվեց պատուհանից և լսում էր ամենայն ուշադրությամբ։ Իր ամբողջ էությամբ լսողություն դարձած, ագահորեն կլանում էր մարմինը փշաքաղող այն դյութիչ ձայները, որ պատանի երաժիշտը հնչեցնում էր ջութակի լարերից, ինչպես աղբյուրի ակունքը դուրս է հոսեցնում իր քչքչան ականակիտ ջուրը անբռնազբոսիկ ու սահուն։ Շունչը պահել էր, որ ոչ մի հնչյուն չթռցնի։ Սքանչացման արցունքը գոհարի պես խաղում էր նրա աչքերի մեջ։

Վերջապես լռեցին ջութակի հնչյունները, և այդ հնչյունների հետ կարծես ամեն ինչ լռեց բնության մեջ։

— Ո՞վ ես դու, նայի՛ր վերև, պատանի մաեստրո,— կանչեց բարձրից Ջուլետտան։

Պատանի երաժիշտը նայեց վերև։

— Հանիր գլխարկդ, երեսդ լավ չեմ տեսնում։

Պատանի արտիստը վերցրեց լայնեզր գլխարկը, երկայն մազերը գլխի մի շարժումով ետ գցեց ճակատից և նայեց վերև։ Ի՜նչ հրաշալի աչքեր, բայց լուրջ ու խոհուն և թախծալի, ինչպես այն եղանակը, որ մի քիչ առաջ նվագում էր նա. ի՜նչ գրավիչ դեմք, բայց գունատ ու տխուր, ինչպես մարմարի մի անդրի. ի՜նչ բարձր ու հպարտ ճակատ, որի վրա փայլում էր ոչ երկրային մի վեհություն։

— Ի՞նչ է անունդ,— կանչեց Ջուլետտան։

— Անտոնիո։

— Անտոնիո, նվագիր ինձ համար դարձյալ մի բան։

Ու նորից հնչեցին լարերն առաջվանից ավելի փաղաքուշ ու դյութիչ, և Ջուլետտան, պատուհանին գամված, չէր հագենում լսելուց, մինչև որ լարերն իրենց վերջին սիրակեզ հառաչանքն արձակեցին ու մարեցին։

— Անտոնիո, ասա ինձ, ո՞վ ես դու։

— Ես որբ եմ։

— Ո՞վ էր հայրդ։

— Մի բանվոր, որը մեքենայի տակ ջարդվեց և մեռավ։

— Մա՞յրդ։