Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
4

Մի երեկո էլ, սովորական ժամին, պատանի երաժիշտը գոթական ապարանքի բարձր պատուհանի տակ կանգնած իզուր աշխատում էր իր դյութական հնչյուններով դուրս կանչել հավերժահարսին։

Պատուհանը փակ էր։

Պատանի արտիստը, սակայն, չէր հուսահատվում. ջութակը մերթ կանչում էր հրամայողաբար, մերթ խնդրում աղերսագին, մերթ խոսում լալագին, մերթ հառաչում ու լալիս հուսահատորեն։

Պատուհանը միշտ փակ էր։

Այնուհետև, երբ ջութակն իր վերջին հուսահատական ճիչերն էր արձակում, պատուհանի մի փեղկը կիսով չափ բացվեց, նախ մի դրամ զրնգաց գետնին և ապա թղթի մի կտոր, օդի մեջ պտտվելով, ցած ընկավ պատանի երաժշտի ոտների առջև:

Թուղթը վերցրեց և կարդաց.

«Հայրս ասաց, որ իմ և քn միջև անանց անդունդ
կա: Մենք վերևն ենք, դու՝ ներքևը: Էլ մի՛ գա:
Մոռացիր ինձ»:

Կարդաց, առժամանակ շանթահար մնաց տեղնուտեղը արձանացած, հետո ցնցվեց ուժգնորեն, մի կայծակնացայտ հայացք նետեց դեպի ազնվական ապարանքի բարձունքը, թուղթը, ցասումով լի, ուզեց պատառ-պատառ անել, բայց զսպեց իրեն, խնամքով ծալեց, ծոցը դրեց, ոտով դեն շպրտեց գետնին ընկած դրամը և, ջութակը պինդ սեղմելով վիրավոր կրծքին, հեռացավ՝ անարգանքի կսկիծը հպարտ սրտի մեջ պարուրած։

Այդ օրվանից Վենեցիայի փողոցներում էլ ո՛չ ոք չտեսավ հանրածանոթ պատանի ջութակահարին։