Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Բոնվի՛նի... Անտոնիո Բոնվի՛նի... Անտոնիո... Հանճա՛ր... Նոր Ստրադիվարիուս...

Եվ ամեն ոք շտապում էր դեպի կուլիս՝ անձամբ սեղմելու երիտասարդ հանճարի ձեռքը և իր հիացքն ու շնորհակալությունը հայտնելու նրան։

Երիտասարդ մաեստրոն հոգնած էր։ Փակվեց իր սենյակում և հայտնեց, որ այլևս ոչ ոքի չի կարող ընդունել:

Բայց ահա մտնում են և հայտնում, որ մի կին ուզում է նրան տեսնել:

— Անկարող եմ ընդունել:

— Թախանձում է սաստիկ. շատ նշանավոր անձի ամուսինն է։

Ու տալիս են ազնվազարմ տոհմի մի բարձրաստիճան մարդու անունը, որից կախված է հազարավոր մարդկանց բախտը։

— Թող մտնի։

Գեղեցիկ՝ ինչպես Ռաֆայելի Մադոննան, հագնված, ինչպես մի թագուհի, շտապով մտավ մի նորատի կին և ուղղակի ընկավ երիտասարդ հանճարի ոտների առջև։

— Անտո՛նիո, ես քո Ջուլետտան եմ, ես սիրում եմ քեզ...

Երիտասարդ մաեստրոն այլայլված՝ բարձրացրեց գեղեցկուհուն։ Նրա աչքերը վառվում էին ինչ-որ տարօրինակ փայլով, նման այն հրացայտ հայացքին, որ նա, դեռևս պատանի մի խեղճ երաժիշտ, նետեց իր ստորին ծագումն ու հպարտությունն այնքան մեծամտորեն արհամարհող պալացցոյի բարձունքն ի վեր։

Առանց մի խոսք արտասանելու՝ ձեռքը ծոցը կոխեց, հանեց հուշատետրը, հուշատետրից՝ խնամքով պահած թղթի մի կտոր և մեկնեց Ջուլետտային։

Ջուլետտան առավ, նայեց և հանկարծ կաս-կարմիր կտրեց.

— Կարդացեք, սինյորա, կարդացեք,— ասաց Անտոնիոն, տեսնելով, որ նա ծայր աստիճան շփոթված, չի համարձակվում աչքերը վեր բարձրացնել։

Ու հազիվ լսելի ձայնով Ջուլետտան կարդաց իր նամակը.