Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նա — աշխատավոր ժողովրդի ծոցից ելած անապաստան, թափառական մի պատանի իր միջավայրի երկաթակուռ կամքով, որով զինված, ոչ թե ընկճվում է ինձ պես առաջին իսկ հարվածից, այլ, ընդհակառակը, ո՛վ գիտե ինչ դժվարություններ հաղթահարելով, հետզհետե բարձրանում է մինչև գլխապտույտ բարձունքները, որպեսզի այնտեղից իր վրիժառության թույնը թափի իր մարդկային արժանապատվությունն արհամարհողների, իրեն նվաստացնողների գլխին։

Բարձրանալ, միշտ բարձրանալ, անդադար բարձրանալ... Օ՜, ի՜նչ հրաշալի վրիժառություն, որի համար, սակայն, ես անընդունակ եղա։

Եվ այնուհետև ինչպե՞ս չհավատամ իմ դասակարգի ճակատագրին, որին բնական մի անեծքով դատապարտված նա հետզհետե այլասերվելով, պիտի դառնա ինձ պես իբրև փտած ծառի կոճղին բսած մի մգլած մակաբույծ և չքանա անհետ, տեղի տալով նրա՛նց, որոնք ներքևից բարձրանում են վերև...

1889


ՆՈՐ ՀԱՎ
1

Այո՛, օրիորդնե՛ր և պարոննե՛ր, ապահարզանի խնդիրն այսօր մեզանում մի նոր, կենսական խնդիր է ներկայացնում, որ մենք նոր պիտի լուծենք, այնինչ լուսավոր Եվրոպայում դա վաղուց արդեն յուր լուծումն ստացած վերջացած է և նույնիսկ, այո՛, անախրոնիզմ է դարձած։ Եվրոպան, որ ամեն հնության, անշարժության և մոլորության թշնամի է եղել և միևնույն ժամանակ ստեղծող բոլոր վեհ և առաջադեմ գաղափարների, առաջինն էր, որ հասկացավ, թե պետք է, վերջապես, մարդկային կյանքից բառնալ կրոնի բռնության լուծը և դրա ավերակների վրա պարզել խղճի և մտքի