Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մասխարյանցը վերջացրեց յուր ոգևորված ճառը։ Փոքրիկ սենյակում հավաքված առաջադեմ գաղափարներով տոգորված, թարմ մտքերի սիրահար օրիորդներն ու պարոնները հիացած ծափահարեցին ճառախոսին, որ կես ժամի չափ շարունակ խոսում էր և խոսում էր ինչպիսի՜ ոգևորությամբ, ինչպիսի՜ ճարտասանությամբ։

— Բրա՜վո... կեցցե՜ս... լա՜վ խոսեց,— ծափահարության միջից լսվում էին բացականչություններ։

Մասխարյանցն առնվազն էլի մի երկու, երեք րոպե շարունակ գլուխ էր տալիս սրան ու նրան և միանգամայն չէր իմանում, թե ինչպես արտահայտե յուր շնորհակալությունը։

Վերջապես ծափահարություններն ու բացականչությունները դադարեցին, և որովհետև արդեն գիշերվա ժամը տասներկուսն էր, այդ պատճառով ամենքն էլ վեր կացան, սեղմեցին տան տիրոջ ձեռքը, դուրս եկան, հագան իրենց վերարկուները, գլխարկները և քաշվեցին իրենց տները։

2

Մասխարյանցը վերարկուի բոլոր կոճակները գցեց, ձեռնոցները հագավ և շտապ քայլերով հեռացավ։ Ճանապարհին նրա միտքն ամբողջապես զբաղված էր յուր խոսած ճառով, այն ազդեցությամբ, որ գործել էր այդ ճառն ունկնդիրների վրա և հիացման այն ծափահարությամբ ու բացականչություններով, որոնցով վարձատրեցին նրան յուր նոր գաղափարները, վարդապետելու համար։ Նա երջանիկ էր համարում իրեն, որ թեև հասարակության «մասսան», ժողովրդի մեծ «կոնտինգենտն» անտարբեր է յուր քարոզած նոր գաղափարներին, որովհետև տակավին անընդունակ է դրանց հասկանալու, բայց կան արդեն, թեև փոքր թվով, լուսամիտ, դեպի քաղաքակրթությանը ձգտող օրիորդներ և երիտասարդներ— թարմ ուժեր, որոնք ի սրտե համակրում, ոգևորվում և հետևում են իրեն։

Նա մտադիր էր յուր՝ բերանացի քարոզած նոր գաղափարները քարոզել և՛ գրավոր կերպով — վիպական կամ պուբլիցիստական գրվածքի ձևով, թեև նա համոզված էր, որ «հետադեմների», «խավարամիտների» և «րուտինականների»