Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անագորույն սպանությունից առաջ հազիվ հարցնել. «— Քա՞ր եմ, երկա՞թ եմ, որ դիմանամ: Աստոձ ինձ էլ մուրդ ա ստեղծե՞լ, թե շուն: Երեխաների, կանանց և անտեր շների վիճակը է: Մարդ-կենդանի զուգահեռներում ամենացնցողը երկունքի ցավերից տառապող կնոջ վիճակն է. «Իսկ Շուշանն իր լաթերի վրա անասելի տանջանքով մերթ պպզում, մերթ թավալգլոր էր գալիս վիրավորված անասունի պես»: Բռնության, դաժանության պատկերներն այստեղ ամենաահավոր գազանի՝ մարդու անկառավարելի բնության հաստատումներ են: Դիմացինին ցավ պատճառելու մոլագարությամբ է տառապում գիժ-Հոռոմսիմը. «Անիծելիս շատ անգամ կատարյալ բանաստեղծ էր դառնում»: Թերևս ոչ ոք չի կարողանում այնպես տանջել իր զոհին, ինչպես նա: Այնքան ազդու է կենդանականի, գազանայինի հաղթարշավը «Մեր թաղում», որ կարող է թվալ, Նար-Դոսը ապացուցում է կենդանական-գազանայինի անվիճելի առավելությունը սոցիալական-մարդկայինի վրա: Մինչդեռ այդ իրականությունը նա պատկերում է մարդուն ստորացնող գոյությունը բացառելու, վճռականորեն մերժելու դիրքերից:

Ինչպես մյուս երկերում՝ դասակարգային, դրամական հարաբերությունները, հասարակական տարբեր շերտերի հակամարտությունը այստեղ ևս չափազանց քիչ տեղ են գտել: Բայց ընդամենը մի կարճառոտ երկխոսությունում մերկացվում է լքվածներին թշնամի աշխարհը, հիվանդանոցում «Տասը շայի են ուզում» կամ «պոլիցիցը... տերտերիցը թուղթ», որ փող չունի Սաքուլը: «— Սև գրողը տանի պոլիցի երեսը, նրանց «զավթրի» գլուխը ո՞վ ունի»: Այսքանից իսկ բնավ դժվար չէ հիմնավոր եզրակացություններ անել պետության, նրա գաղափարախոսության, մարդկանց կյանքի համար բախտորոշ հիմնարկների գործունեության մասին, շահամոլություն, կաշառակերության, անտարբերություն մարդու, նրա հոգսերի ու ցավերի հանդեպ, խաբեություն, բռնության, թույլի ստորադաս, կողոպուտ, անխնա շահագործում և վերջապես ամենադաժան ոչնչացում: «Մեր թաղի» գլխավոր կերպարը աղքատությունն է, ծնունդ սոցիալական անարդարության: Քայքայվող, պահանջարկի պատահականություններից կախված արհեստավորների անկայուն վիճակը իբրև հետևանք ունի բարոյական ու ֆիզիկական քայքայումը, քաղցը, հիվանդությունները, անասնացումը, մարդասպանությանը: «Մեր թաղը» գեղարվեստական հզոր վավերաթուղթ է այդ ամենի դեմ:

5

1890-ի հունիսի 18-ին Կարինում թուրք ոստիկանությունը ս. Աստվածածին եկեղեցու բակում սպանեց երկու տասնյակից ավելի անմեղ հայերի, երկու օր հետո ջարդեր կազմակերպվեցին քաղաքի հայկական թաղամասերում: Հուլիսի 15-ին թուրք բարբարոս քաղաքականության դեմ հնչակյանները կազմակերպեցին Գում-Գափուի բողոքի խաղաղ ցույցը։ Ցուցարարներից մի քանիսը զոհվեցին, բանտարկության ու աքսորի դատապարտվեցին մի շարք գործիչներ: Ըստ Նար-Դոսի «Մահը» վեպի նյութը