Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գլխին էր։ Անհաստատ քայլերով բարձրանալով երկար պատշգամբը, նա կանգ առավ յուր բռնած բնակարանի սենյակներից մինի դռան առաջ և ամուր բախեց։

Գիշերվա հագուստով ցրտից կուչ եկած նրա կինը՝ Թամարան դուռը բաց արավ։

Մասխարյանցը, առանց նրա դեմքին նայելու անգամ, ներս մտավ։

Կինը նորից փակեց դուռը։

— Ինչո՞ւ այսքան ուշացար, Գրիգոր,— անհամարձակությամբ հարցրեց նա։

Մասխարյանցը, որ ուզում էր գնալ յուր սենյակը, հանկարծ կանգ առավ և վառվող աչքերով շուռ եկավ գեպի Թամարը։

— Քեզ ի՞նչ,— գոռաց նա,— ես քեզնից հաշիվ պահանջո՞ւմ եմ քո գործերի համար, որ դու ինձանից պահանջում ես... Ես քեզ հազար և հարյուր հազար անգամ ասել եմ, որ մենք միմյանց անհատականության վերաբերությամբ ոչինչ գործ չունենանք... ասե՞լ եմ, թե ոչ... հա՞, ասե՞լ եմ։

Խեղճ կինը՝ թե՛ ցրտից և թե՛ երկյուղից դողդողալով՝ մնացել էր կուչ եկած դռան մոտ։ Նա մինչև անգամ չէր համարձակվում գլուխը բարձրացնել և նայել ամուսնու դեմքին։

— Ամուսիններ ենք, պետք է ասես,— շարունակեց Մասխարյանցը,— ինչ որ քեզ է վերաբերում, ես պետք է գիտենամ, ինչ որ ինձ է վերաբերում, դու պետք է գիտենաս։ Այնպես չէ՞։ Բայց գիտե՞ս այդպես ով է անում.— այդպես անում են միայն խարազ Գևոն և փինաչի Մաթոսն իրենց հուռի-մուռիներով, իսկ փոքրիշատե կրթված, ինտելիգենտ մարդու համար այդ վաղուց արդեն անախրոնիզմ է դարձել։ Քաղաքակրթությունն այժմ պահանջում է ամուսինների մեջ կատարյալ ազատություն, մարդը պարտավոր չէ կնոջը հաշիվ տալու իր գործերի համար, կինը՝ մարդուն, եթե այդ չեն ցանկանում։ Լուսավոր Եվրոպայում վաղուց արդեն խորտակված է այն անիծված շղթան, որով մարդ ու կին կապված էին լինում միմյանց հետ իրենց կյանքի ամբողջ ընթացքում, թեկուզ այդ կյանքը թույն լիներ և, ոչ ոք, բացի մահից, իրավունք չուներ այդ շղթան խորտակելու։ Մեզանում դեռևս գոյություն ունի այդ շղթան, այդ զարհուրելի