Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քահանային ասել եմ, թե՝ «տեր եմ...»։ Այդպես միայն վերին աստիճանի հիմարները կանեն և նրանք, որոնք չգիտեն, թե ինչ է նշանակում խղճի և մտքի ազատություն,— իսկ ես, ներողություն, այդպիսիներիցը չեմ, այո՛, չե՜մ, չե՜մ...

Նա լռեց, գնաց դեպի յուր սենյակը, բայց հանկարծ կանգ առավ և շուռ եկավ։

— Վաղն այլևս չտեսնեմ քեզ այստեղ,— ասաց նա կտրուկ, խիստ ձայնով։— Գնա՛, ուր ուզում ես, միայն թե՝ ես այլևս չե՛մ կարող քեզ հետ ապրել։ Լսո՞ւմ ես, վա՛ղը։

Կինը ցնցվեց և առաջին անգամ աղերսագին նայեց նրան։

— Գրիգո՜ր...— շշնջաց նա, և նրա ձայնը դողաց։

— Ես այլևս չեմ ճանաչում քեզ. մենք այսուհետև միմյանց համար օտար ենք։

Եվ Մասխարյանցը բռնեց յուր սենյակի դռան փականքից:

— Գրիգո՛ր,— կրկնեց կինը,— ախր ինչո՞ւ...

— Ինչո՜ւ,— գոռաց Մասխարյանցը։— Որովհետև տգետ ես, ա՛յ ինչու։

— Սովորեցրու ինձ, ինչ որ ուզում ես, միայն թե... մի դուրս անիր ինձ...

— Սովորեցրո՜ւ... ե՞ս սովորեցնեմ... Ինձ հարկավոր չէ այնպիսի կին, որ նոր պետք է սովորի։

— Բաս առաջ չգիտեի՞ր, որ ես տգետ եմ, ինչո՞ւ այն ժամանակ ինձ հետ ամուսնացար։

Կնոջ այդ աստիճան համարձակությունն ավելի բորբոքեց Մասխարյանցին։

— Այն ժամանակ ուրիշ ժամանակ էր, հիմա՝ ուրիշ ժամանակ,— գոռաց նա։— Այն ժամանակ իմ հայացքներս ամուսնության վերաբերությամբ ուրիշ տեսակ էին, հիմա՝ ուրիշ տեսակ։ Նոր կյանքը միշտ նոր պահանջներ է դնում մարդու վրա, իսկ ես հետադեմներից և անշարժականներից չեմ, որ միշտ հնի զուռնայով պար գամ... Վա՜ղը, վերջին անգամն եմ ասում, վա՜ղը... Կարող ես որդուդ էլ հետդ տանել, եթե ուզում ես։

— Գրիգո՛ր, Գրիգո՛ր...— աղերսագին կանչեց կինը մի քանի քայլ առաջ գնալով, բայց Մասխարյանցը դուրս գնալով