Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


2

Այսպես, Վանիչկան մի քանի օր խռով էր պահում իրեն, տանը ոչ ոքի հետ չէր խոսում, մանավանդ հոր հետ։ Հայրն էլ նրա մոտ այնպես էր ցույց տալիս, թե նրա երկու օրվա անհայտացումը ոչ մի անհանգստություն չի պատճառել իրեն. ուզում է՝ կարող է գնալ կորչել թեկուզ հավիտյան, բայց որ հույս ունենա, թե այդպիսի սպառնալիքներով կարող է փող կորզել իրենից, շատ կսխալվի։ Այսպես էր ցույց տալիս որդու մոտ, բայց համարյա ամեն օր մի գումար էր տալիս կնոջը, որ տանի «իրան սևցնի»։ Կինն էլ տանում տալիս էր իբր թե մարդուց ծածուկ, հետն էլ խրատում, որ գժություններ չանի։

Այսպես, Վանիչկայի բանը ինչպես կոնֆլիկտից առաջ, այնպես էլ հետո շատ լավ էր գնում, այնքան լավ, որ հոր հետ հաշտվեց և այժմ փողերն ընդունում էր ոչ թե մոր, այլ իրեն իսկ հոր ձեռքով, ինչպես առաջ։

Բայց եղավ մի ժամանակ, որ աղա Մարտինի գործերը լավ չգնացին։ Ամենից առաջ աղջիկն իր համար փեսացու էր ճարել և առանց հորը հարցնելու, այլ միայն մոր համաձայնությամբ, փեսացուի հետ պայմտնավորվել, որ իր հետ տասը հազար օժիտ կտանի։ Փեսացուն մի ջահել, սիրուն պոդպորուչիկ էր։ Մայր ու աղջիկ աղա Մարտինին դրել էին արդեն վճռված խնդրի առջև, և որովհետև այդ միջոցին աղա Մարտինը մի մեծ կապալ էր վերցրել, որից մեծ օգուտ էր սպասում, այդ բանի դեմ չառարկեց և իր կողմից հանդիսավոր խոստում տվեց փեսացուին։ Բայց կապալը աղա Մարտինի հույսը չարդարացրեց — մեծ օգուտի տեղ սպառնում էր մեծ վնաս տալ նրան, և նա չէր իմանում ի՛նչպես տակից դուրս գա։ Տրամադրությունը փչացել էր, հանգստությունը՝ կորցրել։ Օր ու գիշեր նստած իր առանձնասենյակում, դավթարներն էր թերթում և համրիչը չխկացնում։

Հոր գործերի հենց այդ խառը ժամանակ Վանիչկան մի շաբաթ երեկո ընկերների հետ պայմանավորվել էր, որ վաղը՝ կիրակի առավոտվանից, իրենց «դամոչկաներով» գնան քաղաքից դուրս՝ այգիներում մի լավ քեֆ անելու։ Այդ երեկո նա սովորականից վաղ տուն եկավ, որ, նախ, հորից փող