Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուզի և ապա մի լավ քնի հանգստանա, թարմ ուժերով վաղվան դիմավորելու համար։

Երբ մտավ հոր առանձնասենյակը, աղա Մարտինը գրասեղանի առջև նստած՝ մեկ նայում էր անճոռնի տառերով խզբզած իր դավթարներին, մեկ համրիչը շխկացնում։ Դավթարների վրա հակված նրա գլխին կարմրագույն պարիկն պլպլում էր լամպի լույսի տակ։— Որդին որ մտավ, հայրը գլուխն անգամ չբարձրացրեց. հազիվ թե իմացավ էլ, թե մարդ մտավ — այնքան էր զբաղված և մտահոգ։

Վանիչկան սպասեց, սպասեց և տեսնելով, որ հայրն ըստ երևույթին միտք չունի գլուխը բարձրացնելու դավթարների վրայից, ձայն տվավ.

— Պապա։

Հայրը նորից ոչ գլուխը բարձրացրեց, ոչ էլ ձայն հանեց, այլ միայն ձեռքի ջղային շարժումով ավելի պինդ շրխկացրեց համրիչը։

— Պապա,— կրկնեց Վանիչկան մի քիչ ավելի բարձր՝ կարծելով, թե չլսեց։

Աղա Մարտինը էլի գլուխը չբարձրացրեց, բայց նրա տենդային շնչառությունից երևում էր, որ հետզհետե լցվում է կատաղությամբ և որտեղ որ է, պիտի պայթի։

— Պապա, փո...

Ուզում էր ասել «փող եմ ուզում», բայց խոսքի կեսը կիսատ մնաց խեղճ Վանիչկայի բերանում, որովհետև աղա Մարտինը հանկարծ վեր թռավ այնպիսի կատաղի շարժումով, որ տակի աթոռը շուռ եկավ և ահագին շրխկոցով գլորվեց հատակի վրա։

— Ո՜ւ, շուն շանորդի,— բղավեց նա ոչ մարդկային ձայնով,— էլի եկար գլխիս կանգնեցի՞ր։ Էս րոպեին կորիր աչքիցս, թե չէ, կտամ երկու կես կանեմ գլուխդ։ Մեկ իմ հալից էլ հարցրու, է՛, փո՛ւճ փճանալու։ Ժամանակ ես գտե՞լ փող ուզելու, տո անառակ, տո ավարա շանորդի։ Դե շո՛ւտ, կո՛րիր էս րոպեին աչքիցս, թե չէ, ոտներիս տակ կգցեմ և էնքան կտամ, որ ասես թե հա՜... Լսո՞ւմ ես, թե չէ։ Կորի՛ր ասում եմ։

Խեղճ Վանիչկան լսում էր, բայց չէր կորչում, որովհետև այնքան էր ապշել, որ մինչև անգամ կորցրել էր վախի զգացումը: