Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Հետո, տեսնելով, որ հայրն իսկապես կատակ չի անում, փասա-փուսեն քաշեց և դուրս գնաց։

Գնաց մոր մոտ և իր զարմանքը հայտնեց հոր վարմունքի վրա։

— Վո՜ւյ, քոռանամ ես,— ասաց մայրը,— քրոջդ բաժինքը դեռ չեմ թամամացրել, չեմ համարձակվում բերանս բաց անեմ, փող ուզեմ, որ պակաս-մակասն առնեմ, դու գնում ես փող ուզում, որ քեֆ անե՞ս։

— Ինչո՞ւ, է՜, ի՞նչ է պատահել որ։

— Ո՞նց թե ինչ է պատահել, բաս դու չգիտե՞ս, որ հայրդ փոդրաթից ահագին վնաս է կրում։

— Ես ի՞նչ գիտեմ։ Նա ինձ իր գործերին ե՞րբ է խառնում որ։

— Իհարկե, որովհետև շատ լավ որդի ես։ Դու միայն նրա փողերը խժռել գիտես, ուրիշ ոչինչ։

Վանիչկան նեղացավ։

— Լա՛վ, հիմի էլ դո՛ւ մի գելի ավետարան կարդա գլխիս։ Ես ոչինչ չգիտեմ։ Ինձ փող է հարկավոր, պետք է տաս։

— Ա՛յ որդի, ո՞րտեղից տամ։ Ես փող եմ կտրո՞ւմ։

— Փող ես կտրում, թե չէ, պետք է տաս։ Խո չե՞մ խայտառակվելու ընկերներիս մոտ։

— Ա՛յ հողեմ ընկերներիդ գլուխը, որ քեզ խելքից հանել են, առանց էն էլ խո խելք չունես, որ քու լավն ու վատը ջոկես։ Գնա, գնա քնի ու ոչ հորդ, ոչ էլ ինձ մոտ փողի մասին բերանդ բաց չանես։

Մոր մոտ անհաջողություն կրելուց հետո Վանիչկան գնաց քրոջ մոտ։ Քույրը միայն ծիծաղեց։

— Փող ունենամ,— ասաց,— մի լավ գլխարկ եմ տեսել, կգնամ կառնեմ, կծածկեմ։

Քրոջ այդ ծիծաղն էլ բավական էր, որ Վանիչկան նրանից էլ հույսը կտրեր։ Նա քաշվեց իր սենյակը և, չնայելով արդեն բավական ուշ էր, քնելու մասին չէր էլ մտածում. միտքը գործում էր բոլորովին այլ ուղղությամբ, գործում էր լարված մեքենայի պես։