Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լցված աչքերն սկսեց ման ածել հատակի վրա, ըստ երևույթին ինչ-որ որոնելով։

— Ախր ի՞նչ է պատահել, է՛,— այլևս չկարողանալով համբերել, բացականչեց կինը։

— Զահրումար ու աստծու կրակ է պատահել,— սրտանց պատասխանեց աղա Մարտինը,— պարիկս կորել է։

Կինը ապշած նայեց նրա մազազուրկ, այլանդակ գանգին։

— Ինչպե՞ս թե կորել է, ի՞նչ ես ասում։

— Կորչելն ինչպես կլինի, պոզավոր խո չի՞ լինի։ Կորել է, է՛լի, ման եմ գալիս, չեմ գտնում։

— Ուր պետք է կորչի, ա՛յ մարդ, թե լինի, էստեղ կլինի, էլի՛։

— Դե որ էդպես է, գտիր, տեսնեմ ոնց ես գտնում,— ասաց աղա Մարտինը և սաստիկ հոգնած նստեց աթոռի վրա։

— Ամբողջ սենյակը շուռումուռ տվի, չգտա, հիմի դու ասում ես՝ էստեղ կլինի։ Դե գտիր, էլի՛, ի՞նչ ես աչքերդ չորս շինել, ինձ նայում։

Կինն սկսեց որոնել, նորից ամեն բան տակնուվրա արավ, նայեց մահճակալի տակ, էլ անկյուն ու պահարան չթողեց, նույնիսկ ձեռքերը կոխեց ամուսնու կոշիկների մեջ,— պարիկը չկար ու չկար։

Նրա ջիգրը շատ եկավ, որ չկարողացավ գտնել։

— Ով գիտե ո՛րտեղ ես դրել, ո՛րտեղ չէ, մոռացել ես,— ասաց նեղացած։— Էդ անտեր փոդրաթը խո խելք չի թողել գլխիդ։

— Ա՛յ կնիկ, փոդրաթն ի՞նչ մեղք ունի, էն անտերը քնելիս էստեղ էի դրել, ա՛յ, էստեղ,— պատասխանեց աղա Մարտինը՝ ձեռքը զարկելով փոքրիկ կլոր սեղանի երեսին։ — Բաս խո սատանեքը չտարան։

— Սատանեքը տարան թե չտարան, տեսար՝ չկա։

— Բաս հիմի ի՞նչ անենք, որ փեսեն հրեն եկել, քեզ է սպասում։

Աղա Մարտինը վեր թռավ տեղից։

— Ի՞նչ ես ասում, ա՜յ կնիկ։

— Մի ժամ է՝ եկել է։ Ոնց պետք է դուրս գաս։