Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բարեխղճությամբ կատարեց բժշկական զննության բոլոր ձևականությունները, գլուխը երերեց և բերնից բաց թողեց մի բառ միայն, որքան կարճ, նույնքան երկարատև և բազմախորհուրդ.

— Да-а-а...!

Հետո ձեռքերը լվաց, և այն միջոցին, երբ սրբում էր, սկսեց իր դիագնոզը հայտնել.

— Ձեր ներսը հիշեցնում է բոլոր վինտերը... Ինչպե՞ս է հայերեն վինտը։

— Պտուտակ։

— ...բոլոր պտուտակները և ռիչագները... Ինչպե՞ս է հայերեն ռիչագը։

— Լծակ։

— ...բոլոր պտուտակները և լծակները թուլացած մի մեքենա, որ հազիվ է գործում Ճռճռալով և խռխռոցով։ Ոչ մի բան տեղը չէ, բոլորը քանդվել, քայքայվել է։ Ձեր ներվերը... Ինչպե՞ս է հայերեն ներվ։

— Նյարդ, ջիղ։

— Ձեր նյարդերը, ջղերն այնպես են քայքայվել, ինչպես խոնավ տեղ ընկած սկրիպկայի... Ինչպե՞ս է հայերեն սկրիպկա։

— Ջութակ։

— ...ինչպես ջութակի թուլացած ստրունաները... Ինչպե՞ս է հայերեն ստրունա։

— Լար, սիմ։

— ...ինչպես թուլացած լարերը, սիմերը։ Կարճ ասեմ.— բժիշկը երեսսրբիչը կախեց իր տեղը և սկսեց մատները մեկ-մեկ ծալել.— ներվերի սարսափեի քայքայում, արյան սաստիկ պակասություն, մաղձի անչափ կուտակում, թոքերի թուլություն, և սիրտն էլ пошаливает։ Ես դեղեր չեմ գրի, դրանք պալիատիվ միջոցներ կլինեն, ձեզ հարկավոր է միայն սնունդ, շատ լավ սնունդ և երկարատև հանգիստ, աբսոլյուտ հանգիստ. ամենաքիչը մի տարի պետք է բոլորովին չաշխատեք։ Ամառը չպետք է մնաք քաղաքում։ Գնացեք Սև ծովի ափերը կամ Ղրիմ։ Հետո, մեծ օգուտ կտան ձեզ հանքային ջրերը — Կիսլովոդսկ, Ժելեզնովոդսկ...

Ամիրյանը ապուշ-ապուշ նայում էր բժշկի դեմքին և չէր