Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լուրջ, Ամիրյան, ինչո՞վ ես հիվանդ, տեսա բժշկի մոտից դուրս եկար։

Ամիրյանը մի առ մի թվեց բժշկի դիագնոզը և վերջը ավելացրեց․

— Մի խոսքով՝ ես տառապում եմ, սիրելի բարեկամ, հայկական վարժապետական հիվանդությամբ։

— Պա՛հ, քու տունը չքանդվի,— բացականչեց Շամիրյանը,— էլի վարժապետ ե՞ս։ Ես էլ ասում եմ ախր... Դեռ լավ է, որ մինչև հիմա դիմացել ես։ Իսկ ես, գիտես, էլի, երկու տարի էլ չդիմացա, փախա, որ գլխիս ճարը տեսնեմ։ Վատ արի՞։ Ա՛յ, ինձ էլ նայիր, քեզ էլ։

Ամիրյանը իսկապես նախանձով նայեց նրա կենսաթրթիռ դեմքին, նրա տռուզ մարմնին, որը հազիվ էր տեղավորվում իր նեղ պատյանի մեջ, և կարծես նոր տեսավ, թե ինչ հսկայական տարբերություն կար իր ու նրա միջև։

— Հիմա ի՞նչ գործի ես,— հարցրեց նա։

— Շատ լավ գործի, ռուսական մի ֆիրմայի ներկայացուցիչ եմ ամբողջ Անդրկովկասի համար։ Լսիր, Ամիրյան, եկ քեզ մի լավ տեղ տամ, հանգիստ ապահով. այնքան ռոճիկ կստանաս, որ վարժապետը երազումն էլ չի տեսնի։ Թո՛ղ, վերջապես, ազգին ծառայելու քո այդ իդեալիստությունը, ազգը քեզ ռչինչ չի տա, այլ միայն կուտի քեզ առանց մնացորդի, հրեդ արդեն միսդ կերել է, չոր ոսկորներդ թողել, այդ էլ կուտի կվերջացնի։ Հը՞, ի՞նչ կասես։

Ամիրյանը իսկույն չպատասխանեց։ Մտածում էր։

— Տեսնենք,— ասաց անորոշ կերպով։

— Գնա մտածիր այս մասին։ Առայժմ ես շտապում եմ։ Ուզում ես, մի անգամ եկ ինձ մոտ, խոսենք այս մասին։ Կգա՞ս։

— Տեսնենք,— կրկնեց Ամիրյանը։

— Տեսնենք չէ, եկ անպատճառ։ Ուզում ես՝ հենց այս երեկո։ Մանրամասն կծանոթացնեմ գործի հետ։ Մի քիչ էլ կկոնծենք. շատ լավ կոնյակ ունեմ, հիանալի էլ խավիար։ Սպասե՞մ։

— Հաստատ խոսք չեմ կարող տալ։

— Է՛հ, չեմ սիրում անվճռական մարդկանց,— ասաց Շամիրյանը, համենայն դեպս տվեց իր հասցեն և հեռացավ