Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գործողություններով, դրսից դիտված հեղինակային նկարագրություններով, ապա Շահյանը հիմնականում ներսից՝ հոգեաշխարհի խմորումներով: Շահյանը վեպում ամենաքիչ, կցկտուր խոսողն է ու ամենաքիչ գործողը: Դա, իհարկե, հոգեբանորեն պատճառաբանված է. նա անգործության, ապատիայի մարմնացումն է: Այս հանգամանքը նրան դնում է ոչ միայն մյուսներից տարբեր դիրքում, այլև այդպիսով նա վերաճում է մի որոշ չափով հեղինակի մտածությունների արտահայտման միջոցի: Հեղինակը մի կողմից վճռականորեն բացասում է հոռետեսի պահվածքը, առավել ևս՝ ելնելով ազգային-ազատագրական շարժումների դիրքերից, մյուս կողմից՝ վերջինիս օգնությամբ հայտնում է իր զննումները, իրագործում մյուս կերպարներին վերլուծելու, նրանց արարքներն սւրժեվորելու խնդիրները: Դրա հնարավորությունը Շահյանին բնորոշ ներքին մենախոսության, ներանձնացած խորհելու, իրավիճակը, հուզող հարցերը, մարդկանց մտովի վերլուծելու սովորության մեջ է: Կյանքի ու մահվան խնդիրը միջնորդավորված, կերպարի հոգեբանությամբ գունափոխված ու ձևափոխված անցնում է ողջ վեպով: Անարդարության, տառապանքների սկզբնապատճառը որոնելիս վեպի որոշ դրական կերպարներ հանգում են «անհասկանալի էակի» գաղափարին, հոգու և մարմնի, չարի և բարու կրոնական դուալիզմի հաղթահարման հին հնարն է սա: Անօգուտ հնար: Շահյանը ինքնասպանությամբ իսկ հակադրվում է դրան, ցնդաբանություն համարելով կոչնական գաղափարները և անգամ՝ աստծուն: Նրա կատեխիզիսը Շոպենհաուերի փիլիսոփայությունն է, որին ծանոթացել է մի գրքով, ուր հավաքված են թարգմանչի ընտրած ու ծանոթագրած տարբեր հատվածներ: Շահյանը չի էլ ջանում գոնե իր վերցրած գիրքը ծայրեծայր կարդալ: Այդ դեպքում նա կնկատեր, որ Շոպենհաուերը դեմ է ինքնասպանությանը, ըստ որում, դա պայմանավորված է նրա փիլիսոփայական սիստեմով, որը Շահյանը չի հասկացել: Նա պարզապես յուրացրած առանձին հատվածներով «հիմնավորել» է իր վերջին հուսահատ քայլը: Ընդունելով Շոպենհաուերի պեսիմիզմը՝ կյանքի բոլոր հանգամանքներում տառապանքի գերակշռությունը, Շահյանն ապրում է հենց այն վիճակը, որ Շոպենհաուերը նախատեսում էր հասարակության ապահովված շերտերի համար, եթե կարիքը ժողովրդի մշտական պատուհասն է, ապա ձանձրույթը՝ ընտրյալների:

Շահյանը նյութապես այնքան է ապահովված, որ ձանձրանալու իրավունք և հնարավորություն լիովին ունի: Ձանձրույթ-ունայնություն-հուսահատություն շրջանը փակվում է, և երկու աղջիկների հետ իր համոզմունքը քննարկելիս նա ստիպված պարուրվում է նույն շրջանով, անընդհատ խույս տալով վերջնական ու վճռական խոսքից: Կարևորը սակայն կյանքի և մարդկային անհատի արժեքի հաստատումն է, ձգտումը: Գործը երբեք «չի մեռնիլ, քանի մարդկությունը գոյություն կունենա»: Հարցը անդրաշխարհից տեղափոխվում է այսրաշխարհ, մահվան գոյությանը կյանքն ավելի սիրելի է դարձնում: Հստակ է, ինչ ձգտման ու գործի մասին էր խոսքը, առաջին հերթին հայ ժողովրդի ազատագրությունը թուրքական գահակալությունից: Մահվան ունայնությանը վճռականորեն հակադրվում է կյանքի և ազատության իդեալը, և սա