իր ծանր մարմնից անսպասելի թեթև, փութկոտ քայլերով։
Ամիրյանը նախանձով նայեց նրա հետևից և ուժասպառ մարդու դանդաղ քայլերով բռնեց իրենց տան ճանապարհը, ծանր մտքերի մեջ խորասուզված։ Հին ընկերոջ առաջարկը դեռևս չէր խորացել նրա գիտակցության մեջ, և այդ մասին համարյա չէր մտածում, մանավանդ, որ Շամիրյանին ճանաչում էր իբրև մի ֆանֆարոն երիտասարդի, որը գիտեր միայն մեծ-մեծ բրդել և տակից գլխից դուրս տալ։ Նրա միտքը կենտրոնացած էր իր բազմապիսի հիվանդության վրա։
Տունը շատ հեռու չէր, բայց որ հասավ, այնպիսի հոգնածություն էր զգում, կարծես տասը վերստ ճանապարհ էր կտրել։ Նստեց դուրսը, պատշգամբում, սենյակի բաց պատուհանի առջև դրված թախտի վրա և թեք ընկավ մութաքային։ Այդ թախտի վրա մայրը տան գործերից ազատ ժամանակ սովորաբար նստում էր ծալապատիկ և զբաղվում գուլպա գործելով։ Այժմ խոհանոցումն էր, ճաշ էր պատրաստում։ Եղբոր երեխաները խաղում էին բակում մյուս երեխաների հետ։ Քույրը նստած էր ներսը, հենց պատուհանի առջև, և կար էր անում։ Լսվում էր նրա կարի մեքենայի արագ, աղմկալի չխչխկոցը։ Նա կարուձևի վարժուհի էր, շաբաթը մի-երկու անգամ հաճախում էր դպրոց, մնացած ժամանակը աշխատում էր տանը սրա-նրա պատվիրած կարն անելով։ Եղբորը որ տեսավ, դադարեց կարելուց և գլուխը դուրս հանեց պատուհանից։
— Գնացի՞ր։
— Գնացի։
— Ի՞նչ գտավ։
— Հիվանդությունների մի ամբողջ սերիա. է՛լ նյարդերի քայքայում, է՛լ մաղձի կուտակում, է՛լ արյան պակասություն, է՛լ թոքերի թուլություն, է՛լ սրտի չարաճճիություն։
— Ինչպե՞ս թե չարաճճիություն։
— Ես ի՞նչ գիտեմ, ռուսերեն ասաց — пошаливает. գնա ու բան հասկացիր։