Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հետո՞։

— Էլ ի՞նչ հետո. հերիք չէ՞ այսքանը։

— Ուզում եմ ասել՝ ի՞նչ դեղ, ի՞նչ խորհուրդ տվավ։

— Դեղ-մեղ հարկավոր չէ, ասաց, միայն լավ կուտես, ասաց, լավ կխմես, ամբողջ օրը ոչինչ չես շինի, կնստես հանգիստ և ճանճ կորսաս։

— Բագրատ, կատակ անելու ժամանա՞կ ես գտել։

— Կատակ չեմ անում, արևս վկա։ Լավ սնունդ և հանգիստ, ասաց։ Առնվազն մի տարի, ասաց, չպիտի աշխատես, ամառը քաղաքում չպետք է մնաս, պետք է գնաս Սև ծովի գեղանի ափերին զբոսնելու, Ղրիմի հրաշալի օդը ծծելու. հետո Կիսլովոդսկ, Ժելեզնովոդսկ... Այսպիսի լավ-լավ բաներ, քույրիկ ջան։ Ուզում էի հարցնեմ, թե այդ բարի խորհուրդները կատարելու համար բանկում դրած ո՞ր գումարներից պիտի ծախսեմ, վախեցա, որովհետև ինքս ինձ ասի, որ իմանա բանկում փող ունեմ, հանկարծ չվե՞ր կենա ու մի ռուբլու տեղ տասը ռուբլի չպահանջի՞։ Ու սուս ու փուս վեր կացա դուրս եկա։

Քույրն այլևս ոչինչ չհարցրեց։ Կարճ ժամանակ տխուր, մտախոհ նայում էր եղբոր ոսկրացած, դեղին դեմքին, որին ինքնահեգնական ժպիտն ավելի հիվանդոտ տեսք էր տալիս, հետո կամաց հոգոց հանեց և դարձավ իր ընդհատած գործին։

Մորն ավելի հանգստացուցիչ տեղեկություններ տվավ Ամիրյանը նրան չվախեցնելու համար։ Մինչև ճաշը պառկած էր թախտի վրա և անթարթ նայում էր երկնքին՝ ինքն իր մեջ խորասուզված։

4

Օրը տոթ էր։ Երկինքը պատած էր գորշագույն նոսր ամպի միապաղաղ շղարշով, առանց անձրևելու։

Ամիրյանին թվում էր, թե իր ամբողջ ներքինը պատած է նույնիսկ մի հեղձուցիչ շղարշով։ Մարմնի մեջ ոչ մի ցավ չէր զգում, զգում էր միայն մի ծանր, ճնշող հոգնածություն, որ ամեն ինչ, նույնիսկ ապրելու ցանկությունը մեռցրել էր նրա մեջ։ Դրա հետ միասին նրա սրտի խորքում, բույն էր դրել