Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զզվանքի նման մի զգացում հասարակական այն հոռի կարգերի և մարդկանց դեմ, որոնց մեջ գործում էր տարիներից ի վեր։ Այդ կարգերն ու մարդիկ նրան հասցրել էին այն դրության, որ նա սկսել էր մահի չափ ատել իր պաշտոնը և անիծել այն օրը, երբ բախտը վիճակել էր նրան ուսուցիչ լինել, նետելու համար գավառական մի քաղաքից մյուսը, մի գյուղից մյուսը, առանց մի տեղ հանգիստ օթևան տալու։ Գավառական կոշտ ու կոպիտ հասարակությունից դուրս եկած, խեղճ ու կրակ գյուղացիների հաշվին ուռճացած չարչիներ և վաշխառուներ, հոգաբարձու ընտրվելով, տեղի-անտեղի խառնվում են նրա գործերին, ուզում են իրենց քմահաճույքով գործել տալ նրան, դատավոր են կանգնում ուսումնական այնպիսի գործերի, որոնց մասին ոչ մի հասկացողություն չունեն, այլանդակ վճիռներ են արձակում, ուզում են իրենց ծառան, ստրուկը դարձնել նրան, խախտում են պայմանը, ռոճիկն ուշ են տալիս, կտրում են կամ չեն տալիս, և երբ նա բողոքում է այդ բոլորի դեմ, թեմական իշխանության ուշադրությունն է հրավիրում, պատասխանը լինում է միայն քար անտարբերությունը։

Բայց մի դեպք երբեք չի հեռանում նրա մտքից, անբուժելի խոցի պես նստած էր նրա սրտում, և այժմ, երբ բժիշկն ուզեց հասկացնել նրան, թե թոքախտի նշաններ են երևում նրա մեջ, նա վերագրեց այդ դեպքին։ Իր գավառական թղթակցություններից մեկում նկարագրել էր մի շատ ուռճացած վաշխառուի արարքները և թեև անունը չէր հիշել, բայց այնպիսի մանրամասնություններ էր բերել, որ ամբողջ գավառն իմացել էր, թե խոսքն ում մասին է։ Վաշխառուն բնականաբար կատաղել էր նրա դեմ և, բացի զանազան կերպ հալածելուց, մի անգամ էլ մարդիկ էր վարձել, որոնք մութ փողոցներից մեկում դարան մտած՝ հարձակվել էին նրա վրա, չարաչար ծեծել և, համարյա կիսամեռ թողնելով նրան, անհայտացել։ Թեև նա իմացավ ո՛վ էր այդ հարձակման հեղինակը, կարող էր ապացուցել և, ուզում էր դատարան դիմել, բայց բանիմաց մարդիկ խորհուրդ տվին այդպիսի բան չանել, այլապես տուժողը կարող էր դարձյալ ինքը լինել։

Եվ ահա այժմ, այդ անբուժելի խոցը սրտում, հոգեպես և ֆիզիկապես տանջված, առողջությունը վտանգի մատնած