Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որովհետև ոչ մի կասկած չուներ, որ նրա թախիծն իր համար է, իր մաշող հիվանդության համար, չնայելով, որ իր վիշտը ոչ մի խոսքով չէր արտահայտել։

5

Գիշերը Ամիրյանը դուրսը թախտի վրա պառկեց քնելու։ Մայրը և երեխաները վաղուց էին քուն մտել։ Արթուն էր միայն քույրը, որը բաց պատուհանի առջև շարունակում էր չխչխկացնել իր կարի մեքենան ճրագի լույսով. գործը շտապ գործ էր, շտապում էր այդ գիշեր վերջացնել։ Բակը, ուր ապրում էին արհեստավորների և մանր պաշտոնյաների ընտանիքներ, դեռ չէր խաղաղվել բոլորովին. այս ու այն ծայրից դեռևս լսվում էին շարժման, խոսակցության և ծծկեր երեխաների լացի ձայներ։ Սակայն հետզհետե լռեցին այդ ձայներն էլ։ Լռեց և մեքենան։ Այժմ կիսախավար բակում տիրեց կատարյալ խաղաղություն։

Քույրն իջեցրեց ճրագի լույսը և հուշիկ քայլերով դուրս եկավ պատշգամբ։ Դուրսը մի քիչ հով էր շարժվում։ Եղբայրը պառկած էր կուրծքը բաց։ Քույրը կարծեց քնած է, խոնարհվեց, որ վերմակը կրծքին քաշի, տեսավ՝ քնած չէ։

— Դեռ չե՞ս քնել,— հարցրեց։

— Չեմ կարողանում։

— Երևի մեքենայիս չխչխկոցը խանգարում էր։

— Ոչ։ Չէի էլ լսում։

— Որովհետև շարունակ մտածում ես։ Հա՞։ Մի՛ մտածիր, Բագրատ, աշխատիր քեզ հանգիստ պահել։

— Կարո՞ղ եմ։ Ամբողջ արյունս տակնուվրա է եղել։

— Լավ, մտածելով և հուզվելով ի՞նչ կօգնես։

— Հենց այդ է, է՜, որ...— մռնչաց Ամիրյանը, և նրա աչքերը կիսախավարի մեջ վառվեցին անզոր ցասումով։

Քույրը կիսանստեց նրա ոտների մոտ՝ անկողնու վրա։

— Լսիր, Բագրատ, դու պետք է կատարես բժշկի տված խորհուրդը, պետք է գնաս ջղերդ հանգստացնելու։

Եղբայրը զարմացած նայեց քրոջ լուրջ դեմքին.

— Հարցնո՞ւմ ես, թե հրամայում։

— Հրամայում եմ։ Պետք է գնաս։