Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ես մեն-մենակ մեր ընտանիքի հոգսը քաշել, ինչքան էլ որ օր ու գիշեր չարչարվեմ. մեր ընտանիքի մի նեցուկն էլ դու պիտի լինես, ինչպես որ մինչև այժմ եղել ես։ Ներիր, որ քեզ հետ այսպես պարզ և շահադիտական տեսակետից եմ խոսում, բայց հենց դրանում էլ գործի բարոյական կողմն է, որ դու առանց իմ ասելու էլ պիտի հասկանաս։ Ասելս այն է, որ դու բարոյական տեսակետից իրավունք չունես հրաժարվելու իմ օգնությունից։

Ամիրյանը միանգամայն զինաթափ զգաց իրեն՝ քրոջ այդ պատճառաբանության հանդեպ, և նրա համառությունը մեկեն կոտրվեց։ Էլ ի՞նչ խոսք կարող էր լինել ինքնասիրության և հպարտության մասին այնտեղ, ուր բարոյական պարտականության զգացումն էր հրավիրվում նրա մեջ։ Բայց և այնպես ասաց.

— Ես դեռ հույս ունեմ, որ հասանելիքս կստանամ։

— Այդ ավելի լավ, բայց ե՞րբ։ Իսկ քեզ հարկավոր է, որ որքան կարելի է, շուտ գնաս քայքայված առողջությունդ վերականգնելու։ Գլխավորը՝ քեզ հանգստություն է պետք, իսկ դու ամեն մի չնչին բանի վրա հուզվում, գրգռվում ես։

— Չեմ գրգռվի։ Կգնամ հանգիստ կերպով կհասկացնեմ դրությունս. եթե պահանջս իրավացի համարի և հեռագիր տա, որ փողս ուղարկեն, խո լավ, թե չէ...

— Կընդունես առաջարկս,— վրա բերեց քույրը ժպտալով։

Եղբոր լռությունը նա համաձայնության նշան համարեց և վերջ տվեց այդ խոսակցությանը։

Այնուհետև, երբ Ամիրյանը գնաց թեմական տեսչի մոտ և մի քանի ժամից վերադարձավ, քույրը վախեցավ, որ նայեց նրա դեմքին — այն աստիճան հուզված էր երևում նա։

— Ես այլևս ուսուցիչ չե՛մ,— ասաց նա սրտանց, գլխարկը շպրտելով աթոռի վրա։— Ես քծնանքի սովոր չեմ և չեմ ուզում ստրուկ լինել։ Վե՛րջ։

Քրոջ հարցումին համառոտ կերպով պատմեց թեմական տեսչի մոտ ունեցած իր անհաջողությունը և վերջն ավելացրեց.

— Ինձ ուրիշ բան չի մնում, եթե ոչ գնալ Շամիրյանի ուղիով։