Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչպես զառամյալ շունը իր հինավուրց տիրոջ հետ։ Այդ եկեղեցու պատի տակ էր անցկացրել իր դառն կյանքի կեսը, այդտեղ էլ ուզում էր մեռնել։ Հավատարիմ ծառայողի սրտացավությամբ տեսնում էր, թե ի՞նչպես «աստծու տուն» կոչված այդ շենքը ժողովրդի աղքատությունից և անտարբերությունից տարեցտարի անշքանում, խարխլվում է, և թվում էր, թե՝ եթե մի օր ձյունի ծանրությունից կամ գարնան անձրևներից վերջնականապես փլվեր, ուրախությամբ կնետեր իրեն նրա փլատակների տակ, որպեսզի ավանդեր իր ծեր հոգին նրա հետ միասին։

Ծերունին միայն ժամկոչի դեր չէր կատարում, այլև տիրացություն էր անում։ Եկեղեցին ուներ մի շիլ տերտեր և մեկ էլ այդ ծեր ժամկոչ-տիրացուն։

Կեսգիշերին, երբ դեռ մութ արևելքում աստղերր հուրհրատում էին ահագին շողակների պայծառ երանգներով, երբ աքաղաղները դեռևս վաղաժամ էին համարում կանչելու իրենց վաղորդյան ծուղրուղուն, ծերունի ժամկոչը քնաթաթախ դուրս էր գալիս եկեղեցու բակում գտնված իր տնակից, ուր ապրում էր իր փոքրիկ թոռան հետ, երկու անգամ ծլնգացնում էր «հիվանդների զանգը»[1], հետո նորից մտնում էր տնակը, նորից քնում և ապա, երբ լույսը նոր-նոր սկսում էր բացվել, դարձյալ դուրս էր գալիս և ծլնգացնում «երրորդը»՝ առանց, սակայն, մտածելու, թե դրանով որևէ մարդ պիտի զարթնի ժամ գալու համար։ Այնուհետև դանդաղորեն բաց էր անում եկեղեցու ծանր դռները, մի կիսայրված մոմ էր վառում ս. Հովհաննու պատկերի առջև, քառասուն անգամ ծունր էր դնում, սովորական աղոթքը մրմնջալով, հետո մեկ-մեկ դուրս էր բերում ցեցակեր կապերտները, թափ տալիս՝ փոշու ահագին ամպեր բարձրացնելով, և սկսում սրբել սպասների վրա նստած փոշին։ Մինչև որ այս բոլորը վերջացներ, օրն արդեն լուսացած էր լինում։ Այնուհետև ածում էր «հասարակը», փոխնիփոխ ծլնգացնելով ջուխտակ

  1. Հայկական եկեղեցու մեջ մի հնավանդ սովորություն կար, որի համաձայն կեսգիշերին երկու անգամ զանգահարում էին, որպեսզի ծանր հիվանդներն ուրախանան, կարծելով թե լուսադեմը մոտ է։ Այդ զանգահարումը կոչվում է «հիվանդների զանգ»։