Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժխորը մեկեն դադարեց։ Երիտասարդները շտապով կոնծեցին իրենց գինու բաժակները և բերանները սրբելով ոտի կանգնհցին սպասողական դրության մեջ։ Մյուսները դադարեցին ծամելուց։ Ծերունի ժամկոչն ու թոռը դռան մոտ կանգնած՝ մի-մի մոմ վառեցին, գլխարկները վերցրին և սկսեցին երգել.

Այսօր տոն է ծննդյան, ավետիս,
Տյառն մերո և հայտնության, ավետիս...

Երգում էին առանց շտապելու, առանձին հանդիսավորությամբ, ժամկոչն իր ճաթած ձայնով, պատանի տիրացուն իր զիլ ձայնով, և այդ երկու ներհակ ձայների հնչյունները ոչ մի կերպ չէին ներդաշնակվում, չէին հյուսվում իրար հետ։

Վերջացավ «ավետիսը», վերջացավ և «Խորհուրդ մեծը», որը երգվեց ավելի արագ տեմպերով, քան առաջինը։

— Շնորհավոր ծնունդ և հայտնություն,— ասաց ծերունի ժամկոչը և հանգցրեց ձեռքի մոմը։

— Շնորհավոր կենաս, մղդսի ջան,— կանչեց տան նահապետը։— Դե՛հ, տղերք,— դարձավ նա երիտասարդներին՝ ձեռքը արխալուղի գրպանը կոխելով,— հանեցեք մի-մի աբասի տվեք մեր մղդսուն։ Ըհը՛, էս էլ իմ աբասին։

Եվ հինգ աբասին մեկը մյուսի հետևից մտավ ծեր ժամկոչի բուռը։

— Ա՛ կնիկ, վեր կաց էն ըրեխին կոզինախ տուր, կանֆետ տուր,— դիմեց կնոջը տան նահապետը։— Մղդսի ջան, բա որ եկար մեզ հմար «ավետիս» ասացիր, արի մի թաս գինի խմի։ Ածա, այ տղա, տուր օխնի։

Ծերունի ժամկոչը մի թաս գինին շպրտեց երկար ու բարակ օրհնանքներից հետո։

— Փլավից-զատից անուշ արա, մղդսի ջան։ Բեր էդ ըրեխին դեսը, թող դա էլ ուտի։ Տղերք, տեղ տվեք՝ նըստեն։

Փլավը և ձկնեղենն ուտելու ժամանակ նույն երկար ու բարակ օրհնանքներով ժամկոչը ծրծոփեց երկրորդ թաս գինին. հետո երրորդը, հետո չորրորդը, բայց հինգերորդից վճռապես հրաժարվեց, ասելով, որ դեռ շատ տներ ունի ման