Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ապակիների միջից այնքան լույս չէր տարածում, որքան շեշտում էր շուրջը տիրող խավարը։

Ծերունին գիտեր, որ ներքին հարկում բնակվում էին հրեա ընտանիքներ, իսկ վերին հարկը բռնած էր ինքը տանտերը, որը հարուստ հայ չինովնիկ էր։ «Մի մանեթ չէ, երեք մանեթ էլ չի խնայի»,— մտածեց նա և թոռան հետ սանդուղքով բարձրացավ դեպի ընդարձակ պատշգամբը։ Չնայելով, որ այստեղ չորս դուռ կար և մի շարք պատուհաններ, բայց ոչ մի տեղից ոչ լույս էր երևում և ոչ որևէ ձայն լսվում։

Ծերունին թոռան հետ անհամարձակորեն կանգ առավ սանդուղքի գլխին, չիմանալով ո՛ր դուռը ծեծի։

Այդ երերման մեջ էր, որ դռներից մեկը բացվեց, և դուրս եկավ մի կին՝ ուսերին մի հաստ շալ գցած։ Կինը դուրս եկավ ցրտից սարսռալով և ուզում էր ուր-որ գնալ շտապով։ Բայց մի քանի քայլ չարած՝ հենց որ մթության մեջ տեսավ երկու սպիտակ ժամաշապիկներ, կանգ առավ սոսկումով. նրան թվաց, թե երկու մեռել, մեկը մեծ, մյուսը փոքր, ելել են գերեզմաններից իրենց պատանքներով և եկել են ցից կանգնել սանդուղքի գլխին։ Ու հանկարծ մի սարսափելի ճիչ արձակելով ներս ընկավ լեղաճաք։

Ներսից լսվեց ինչ-որ ոտների դմբդմբոց և տղամարդի մի ձայն, որ հարցնում էր վախեցած.

— Ի՞նչ է... Ի՞նչ պատահեց...

Դրան հետևեց կնոջ ձայնը, նրա արտասանած խոսքերն անորոշ էին, ըստ երևույթին, լեզուն ղլղլացնում էր։

Նորից ինչ-որ ոտների դմբդմբոց և ուրիշ խառն ձայներ, որից հետո աղմուկով բացվեց նույն դուռը, և դուրս թռավ մի պարոն՝ ճաղատ գլխով, սրածայր բեղերով և խալաթով։ Դուրս թռավ, բայց հանկարծ սպիտակ ժամաշապիկները որ տեսավ, տեղնուտեղը քարացավ։

— Ո՞վ եք,— բղավեց նա այնպիսի մի տարօրինակ ձայնով, որի մեջ ավելի շատ վախի հնչյուններ կային, քան թե քաջության։

— Ավետիս, աղա՛,— ասաց ծերունի ժամկոչը, ինքը ևս վախեցած այդ անսպասելի դիպվածքից։

— Ի՞նչ,— հարցրեց ճաղատ պարոնը։