Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


թողեց, խորհուրդ տալով, որ այլևս «ավետիս» ման չգան, որովհետև «строго воспрещено»։

Բայց այս բարի խորհուրդը տալուց առաջ չմոռացավ ծերունու գրպանը մի քիչ թեթևացնել այդ երեկոյի վաստակից։

1894

ՆԵՂ ՕՐԵՐԻՑ ՄԵԿԸ

Պատրիկյանը մի հայացք ձգեց իր հնացած հագուստին, նայեց կոշիկների ծռմռված ծայրերին, դուրս եկավ սենյակից, դուռը փակեց կախովի կողպեքով, բանալին գրպանը կոխեց, անցավ բակի երկայնքով և բարձրացավ տանտիրոջ բնակարանի ընդարձակ պատշգամբը, որը մաքուր ու կարմրավուն, պլպլում էր հայելու պես, առավոտվա արևի պայծառ ճառագայթներով ողողված։ Նրան թվում էր, թե անասունները, երբ նրանց սպանդանոց են տանում, ճիշտ նույնը պիտի լինեն զգալիս, ինչ որ զգում էր ինքն այդ րոպեին։ Նա մի վտիտ երիտասարդ էր խիստ բարի աչքերով և անվստահ շարժումներով։ Խոհանոցից դուրս եկող իմերել ծառային խնդրեց կամացուկ, որ տանտիրոջն իմաց տա, թե ուզում է տեսնել նրան։ Ծառան, մոխրագույն բրդե չուխայի ետ ծալած երկայն ու լայն թևերը ցած թողնելով, գնաց նրա խնդիրքր կատարելու։ Պատրիկյանը հետևից նայեց նրա երկարաճիտ փափուկ անկրունկ կոշիկներին, որոնք քայլելիս ոչ մի ձայն չէին հանում։ Հետո աչքը գցեց խոհանոցի բաց պատուհանից ներս, որտեղ խոհարարը, ամբողջապես սպիտակազգեստ, ձյունի պես սպիտակ ու մաքուր արախչին գլխին, վարժ ձեռքերով փետրահան էր անում նոր մորթած վառիկներ և բերանով ինչ-որ պարերգ էր շվշվացնում։ Ծառան դուրս եկավ և դռան մոտից ձեռքով արավ նրան։ Պատրիկյանը զգուշորեն անցավ պատշգամբով, դռան մոտ սրբեց ոտները, ծառայի առաջնորդությամբ մտավ ճաշասենյակը, այնտեղից՝ ընդարձակ ու խիստ բարձր դահլիճը, որը կորած էր հսկայական ծաղկամանների, աթոռների, բազկաթոռների, սեղանների,