Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գահավորակների, բազմոցների մեջ և կանգ առավ տանտիրոջ առանձնասենյակի դռան առջև։ Ծառան դուռը բաց արեց, ներս հրավիրեց նրան, իսկ ինքը հեռացավ։

Գուցե ամենամոլեռանդ աստվածապաշտը այնպիսի երկյուղածությամբ չմտներ սուրբ խորանը, ինչպես մտավ Պատրիկյանը տանտիրոջ առանձնասենյակը։ Տանտերը, որի ազգանունը փողոցի շքադռան պղնձե տախտակի վրա փորագրված էր Դավիթ Ֆոմիչ Աղամիրով, մոտ 40—45 տարեկան տղամարդ էր խիստ ջղուտ, կարծես բրոնզից ձուլված դեմքով, սպիտակախառն կոշտ մազերով և սրածայր կարճ մորուքով։ Նա նստած էր թղթերով, թղթապանակներով, գրքերով և անթիվ մանր-մունր բաներով ծանրաբեռնված ահագին գրասեղանի առջև և գրում էր։

— Ներեցեք, ես՝ իսկույն,— ասաց նա, մի վայրկյան նայելով այցելուին պենսնեի վերևից, և շարունակեց գրել։

Պատրիկյանը մնաց կանգնած։

— Խնդրեմ նստեք,— ասաց տանտերը, շարունակելով գրել։

Պատրիկյանը կամաց նստեց, գլխարկը ծնկների վրա բռնած, և նայեց շուրջը։ Սենյակը զարդարված էր, դահլիճի պես, փարթամորեն։ Կահավորանքի մեջ աչքի էր ընկնում ոչ այնքան ճաշակը, որքան փափկակեցության թուլությունը։ Պատրիկյանը ուր նայում էր, տեսնում էր գորգ ու թավշյա բարձիկներ։ Կար և գրքերի մի շատ երկար պահարան ապակյա դռներով, որի բոլոր դարակները լիքն էին ոսկեկազմ գրքերով՝ զորքի պես խիստ կանոնավոր կողք-կողքի շարված։ Այդ պահարանն էլ, անշուշտ, սենյակի անհրաժեշտ ճանաչված կահավորանքից և զարդարանքներից մեկն էր կազմում. այլապես Պատրիկյանը չէր կարծում, թե Դավիթ Ֆոմիչը ժամանակ ունենար այդ ստվարահատոր գրքերից որևէ մեկը ձեռքն առնելու, որովհետև չափազանց զբաղված էր իր մասնավոր և հասարակական գործերով. նա գործարանատեր էր, քաղաքային դումայի իրավասու, քաղաքային մի քանի հանձնաժողովների անդամ, բանկի վարչության անդամ, կլուբի ավագ, դպրոցի հոգաբարձու, եկեղեցու երեցփոխ և ո՞վ գիտե ուրիշ էլ ի՛նչ։

Օգուտ քաղելով այն հանգամանքից, որ տանտերը, գլուխը