Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ես հասկանում եմ ձեր դրությունը,— թոթովեց Պատրիկյանը, թեև ամենևին չէր հասկանում, թե ի՞նչպես կարող էր իր վճարելիք ամսական մի քանի ռուբլին որևէ նշանակություն ունենալ այդ հարուստ մարդու համար։— Բայց դուք էլ, խնդրում եմ, մտեք իմ դրությանը։ Ես ուսուցիչ էի գավառում, ինչպես գիտեք, կառավարությունը փակեց մեր դպրոցները. այժմ ես անգործ եմ։ Ուզում էի գնալ արտասահման ուսումս շարունակելու, դիմեցի մի քանի բարերարների, մերժում ստացա։ Հետո մտա մի վաճառականի մոտ իբրև գործակատար, հույս ունեի, թե խնայողությամբ այնքան կհավաքեմ, որ կարող կլինեմ ձգտումս իրագործել, բայց հիվանդացա և խնայած բոլոր փողերս ծախսեցի։ Հիմա ես ոչինչ չունեմ. օրեր են պատահում, որ քաղցած եմ մն...

— Ի՞նչ հարկավոր է, որ այդ բաները պատմում եք ինձ,— շտապեց ընդհատել Պատրիկյանին Դավիթ Ֆոմիչը, և նրա բրոնզյա դեմքի վրա երևացին արգահատանքի և դժգոհության պարզ նշաններ։— Դուք կրթված երիտասարդ եք, և ձեր անձնասիրությունը չպետք է թույլ տա, որ ուրիշի պատմեք ձեր մասնավոր կյանքը։ Ես էլ հազար ու մի ցավ ու դարդեր ունեմ, նստեմ պատմե՞մ ձեզ։ Լավ չէ, այդ լավ չէ։ Ասում եք՝ մի քանի օր — համեցեք, մի քանի օր էլ կսպասեմ։ Միայն ես չեմ հասկանում, թե ո՞րտեղից պիտի կարողանաք վճարել, քանի որ ասում եք՝ ոչինչ չունեք և անգործ եք։

Պատրիկյանը աչքերը խոնարհեց և սկսեց գլխարկը մեքենայաբար շուռումուռ տալ ծնկան վրա։

— Ես... գիտե՞ք... ես... երկու գիրք ունեմ տպագրված,— ասաց նա շփոթված, կարծես ամաչելով, որ այդպիսի բան ունի արած,— երկար ժամանակ է՝ չեմ մտել գրախանութ, այսօր կմտնեմ. երևի ծախած կլինեն, որ...

— Դուք գրո՞ղ եք,— հարցրեց տանտերը, զարմացած նայելով նրա շփոթված աչքերին։

— Չի կարելի ասել գրող, բայց... գրում եմ։

— Ի՞նչ եք գրում։

Պատրիկյանը գլուխը բարձրացրեց և նայեց նրան ամոթխածության ժպիտով։

— Ո՞վ գիտե... գրում եմ, է՛լի...

— Դե դուք գիտեք,— ասաց տանտերը և վեր կացավ։