Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պատրիկյանը շրթունքները սեղմեց ատամների մեջ և դուրս գնաց։

Պատշգամբում նրա դեմ ելավ տանտիրոջ աղջիկը, որը դեմքով շատ նման էր մորը, և նրա ֆրանսուհի դաստիարակչուհին, որոնք թևանցուկ զբոսնում էին աշնանային արևի ախորժելի ջերմ ճառագայթների տակ և ջարդում էին ֆրանսերեն՝ կանանց հատուկ անդադրում շատախոսությամբ և խոսքերը խլելով իրար բերանից։ Երկայն պատշգամբով անցնելիս աշխատում էր քայլել այնպես, որ նրանք չտեսնեն անդրավարտիքի մաշված, տեղ-տեղ պատռված տոտերը։ Խոհանոցին որ մոտեցավ, լսեց մի փշշոց և թշշոց և նրա քթովը դիպավ այնքան ախորժելի մի հոտ, որ նրա անոթի փորում բոլոր աղիքները ոլորևմոլոր եկան։ Ինչպես երևում էր, վառիկներն արդեն տապակվում էին՝ թեյի հետ վայելելու համար։

Պատրիկյանը իջավ բակը և դեպի փողոց տանող լայն միջանցքի մեջ, բակի դռան մոտ, տեսավ հարևան գիրուկ ու կլորիկ հրեա կնոջը՝ նստած տաբուրետի վրա, երկայն ու նեղ սեղանի ծայրին, որի վրա որոշ կանոնավորությամբ դարսված էին ամեն տեսակ դանակներ, մկրատներ, կողպեքներ, աքցաններ, մուրճեր, բզեր, պորտմանեներ և այլ ու այլ մանրուքներ։ «Երջանի՜կ կին. համ ինքն է ապրում իր ահագին ընտանիքով, համ էլ սենյակի վարձն է տալիս ամենայն ճշտությամբ ու չի վայելում տանտերերի թուքն ու մուրը»,— մտածեց Պատրիկյանը, և հրեուհու մոտով անցնելիս բարևեց նրան։

— Զաչեմ շեղոդնյա նե բղալի գաղյաչեյ վադը (ինչո՞ւ այսօր տաք ջուր չվերցրիք),— կանչեց նրա հետևից կինը ռուսերեն, հրեաներին հատուկ առոգանությամբ ս-ն շ և ը-ն ղ հնչելով։

Պատրիկյանը կանգ առավ և նայեց նրա բարի, գիրուկ դեմքին։

— Որովհետև շաքարս հատել է,— պատասխանեց նա մի տեսակ անհոգությամբ։

Հրեուհին զարմանքից մինչև անգամ վեր կացավ տաբուրետից։