Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ա՛յ քեզ բան,— բացականչեց նա։— Շաքար էլ կտանք, ի՞նչ կա որ։

— Չէ, առանց այն էլ ես շատ եմ պարտական ձեզ։

— Ի՞նչ պարտական։ Ամեն օր մի քանի բաժակ տաք ջուր տալով մեծ բա՞ն ենք արել, ի՞նչ է։ Շաքար չունեիք, կասեիք, մի երկու կտոր շաքարն ի՞նչ բան է որ։

— Բան չկա, մի օր թեյ չխմելով չենք մեռնի,— ասաց Պատրիկյանր, ծիծաղեց նույն անհոգությամբ և շտապեց դուրս գնալ փողոց։

Այդ փողոցն իսկապես քաղաքի վաճառաշահ շուկաներից մեկն էր՝ լի աղաղակով և ժխորով։ Ժամը տասին մոտ էր։ Արևը նոր սկսել էր հալել գիշերը կտուրների վրա նստած եղյամը, որն այժմ ջուր դառած՝ կտկտալով թափվում էր երկայն ջրախողովակներով ներքև և փոքրիկ գբեր կապում մայթերի վրա։ Պատրիկյանը զգաց, որ ստվերի մեջ օդը բավական ցուրտ է ու խոնավ, և ձեռքերը անդրավարտիքի գրպանները կոխած, աշխատում էր գնալ այն տեղերով, ուր արևը մաքուր երկնքից թափում էր իր ճառագայթները։ Սակայն արևի տակ էլ նրա մարմինը սարսռում էր. նրան թվում էր, թե դրա պատճառը ոչ թե ձմեռնամուտ աշնանային եղանակն է և ոչ թե այն, որ ինքը տաք չի հագնված, այլ այն, որ այդ առավոտ ոչ թեյ է խմել և ոչ որևէ բան կերել։ Մրսում էին առավելապես ձեռքերը, որոնց ինչքան էլ աշխատում էր խորը կոխել գրպանների մեջ, այնուամենայնիվ երկարամյա սերթուկի կարճ թևերը բաց էին թողնում նրա դաստակները։

Պատրիկյանի առաջին գործն այն եղավ, որ մտավ գրախանութ։ Հույս ուներ, թե այնքան կստանար, որ սենյակի վարձը հանելուց հետո մի բան էլ կմնար իբրև ապրուստի փող։ Սակայն գրախանութում նրան ասացին, թե վերջին երեք ամսվա ընթացքում նրա երկու գրքույկից մեկն ամենևին չի ծախվել, իսկ մյուսից ծախվել է հինգ օրինակ միայն և, կոմիսիայի տոկոսը հանելուց հետո, նրան հանձնեցին 1 ռ. 20 կ.։ Պատրիկյանը, հիասթափության ժպիտը դեմքին, փողը գրպանն ածեց և դուրս եկավ գրախանութից ճնշված այնպիսի մի զգացման տակ, որպիսին ունենում են անսովոր մուրացիկները՝ ողորմություն ստանալուց հետո։ Ամոթի