Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայերեն երգել, վաղը՝ ռուսերեն, մյուս օրը՝ իտալերեն։ Այդպես չէ՞։

— Իհարկե։

— Ճիշտ է, աֆիշների վրա Ժապինով եմ գրվում, բայց այդ ոչ թե նրա համար, որ ուզում եմ ինձ ռուս ցույց տալ, այլապես կգրվեի Իվանով կամ Սիդորով, այլ նրա համար միայն, որ Ջափինյան ազգանունը, ինչպե՞ս գրես— ռուսերեն— Джапиниан? ռուսերեն ոչ ջ կա, ոչ՝ փ։ Թե չէ, հայերեն միշտ Ջափինյան եմ գրվում և երբեք էլ չեմ ծածկում, որ հայ եմ։ Ես ձեզ մի ուրիշ բան ասեմ,— շարունակեց շատախոս երգիչը,— Օդեսայի անտրպրենյորս փորձեց ինձ նոր հրավիրած ժամանակ աֆիշի վրա ազգանունս գրել Ժապինի, բայց ես շատ քաղաքավարի կերպով հասկացրի նրան, որ ոչ մի պայմանով թույլ չեմ տա իտալացի մկրտելու ինձ, չնայելով, որ իտալացի երգիչների անունն առհասարակ շատ հարգի է Ռուսաստանում։ Թե չէ, որ ուզենայի դավաճանել ազգիս և հավատիս, ավելի լավ կանեի և ավելի շահավետ կլիներ գրվեի Ժապինի, քան թե Ժապինով։ Այնպես չէ՞։

— Իհարկե,— նորից համաձայնեց քարտուղարը։

Երգիչը խոսում էր դեռ շատ երկար և բացառապես իր մասին։ Նրա ձայնը հնչում էր առողջ և ինքնավստահ։ «Ե՞րբ պիտի վերջացնի ու կորչի»,— մտածում էր քարտուղարը, սակայն առանց դժգոհության որևէ նշան ցույց տալու։ Ընդհակառակը, շարունակում էր լուռ լսել նրան նույն ստրկական-հարգական ժպիտը դեմքին։

— Ինչևիցե,— վերջապես վերջ տվեց իր շատախոսությանը երգիչը և վեր կացավ։— Ես ձեզ չխանգարեմ։ Իմ խոնարհ հարգանքներս պարոն խմբագրին։— Այս խոսքերի հետ երգիչը ծոցից հանեց իր այցետոմսը և դրեց քարտուղարի առջև։— Հույս ունեմ, որ նա, ինչպես և դուք, շնորհ կբերեք լսելու ինձ։ Իմ առաջին դեբյուտը լինելու է ամսույս տասին։ Երգելու եմ Օնեգինի պարտիան։ Հետո դուրս կգամ «Մազեպայի», «Կնյազ Իգորի», «Կուպեց Կալաշնիկովի», «Ցարսկայա նեվեստայի», «Ժիզն զա ցարյայի», «Ռուսլան և Լյուդմիլայի», «Ռուսալկայի» և ուրիշ օպերաների մեջ։ Ցտեսություն։