Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ջփինյանն ամուր և երկար սեղմեց քարտուղարի ձեռքը, թեթևակի գլուխ տվեց մինչև այժմ գրասեղանի ծայրին սուս ու փուս կուչ եկած Պատրիկյանին, ցիլինդրը ծածկեց և դուրս գնաց նույնպիսի քայլերով, ինչպես որ մտավ, հատակը թրխկթրխկացնելով իր պլպլան կոշիկների կանացի բարձր ու բարակ կրունկներով։

Քարտուղարը մինչև դուռը ճանապարհ դրեց նրան և, երբ վերադարձավ, ձեռքերի ափերը խփեց իրար և բացականչեց ծայր աստիճան ապշած։

— Փա՜հ... տեսա՞ր, Պատրիկ։ Գիտե՞ս ով էր։ Երեկ-մեկէլ օրվա քելեխ ուտող տիրացուն էր, է՜... Նո՜ր հիշեցի, Պատրիկ ջա՜ն, նոր։ Խմբագիրը պատմում է, թե երեսփոխական ընտրությունների մասին որ հայտարարություն էր բերում, չէր համարձակվում դռան շեմքից առաջ գալ, իսկ հիմա... իր բարոյական պարտքն է համարել այցելություն տալու խմբագրությանը։ Ցիլինդրի տակ լրագիր դրեց, որ չփոշոտվի։ Տեսա՞ր նրա փողկապի ադամանդը, մուշտակը։ Մենք այստեղ ցրտից կաղկանձում ենք, իսկ նա քրտինքն էր սրբում... Գնացել վարժապետ և գրող ես դառել, վա՛յ, գրողը տանի քեզ, Պատրիկ ջան, գրո՜ղը... ինձ էլ քեզ հետ,— ավելացրեց քարտուղարը և գնաց նստեց իր տեղը։

— Դու ինձ այս ասա, հիմա լուրը կգրես, չէ՞,— հարցրեց Պատրիկյանը հեգնորեն ժպտալով։

Քարտուղարը պատասխանի տեղ ձեռքերը տարածեց խաչելության պես, ուսերը վեր քաշեց կոմիկական տարակուսանքով, կարճ ժամանակ մտախոհության մեջ ընկավ, հետո հանկարծ նայեց ծոցի ժամացույցին և բացականչեց ոչ այնքան զայրացած, որքան զարմացած.

— Ինչքան էլ ժամանակ խլեց անիծածը... Իսկ տպարանում նյութ չկա։ Գրիր, գրիր, Պատրիկ ջան, մինչև որ տեսնենք՝ ինչ է դուրս գալիս այս էշի մարտիրոսությունից։

— «Մանի՛ր, մանի՛ր, ի՛մ ճախարակ...»,— արտասանեց Պատրիկյանը, առավ գրիչը և պատրաստվեց շարունակել սկսած հոդվածն անսիրտ և դառնացած, ինքն էլ չիմանալով՝ ում և ինչի դեմ։

Իսկ այդ միջոցին քարտուղարն արդեն գրում էր իր մանր