Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատռել ու ձգել գրասեղանի տակ դրած զամբյուղը, բայց հիշելով, որ տպարանում նյութ չկա, մի կողմ դրեց։ Նույն կարգով շարունակեց աչքի անցկացնել մնացած նամակները և, ինչպես երևում էր, այդ նամակներն էլ բանի պետք չէին, որովհետև նա իր երկայն ու չոր մատներով ջղայնորեն ոլորում ու փետրում էր ցանցառ բեղի ծայրերը։ Այնուհետև, երբ բոլոր նամակներն աչքի անցկացրեց պրծավ, խոնարհվեց գրասեղանի վրա և սկսեց ուղղել ամենից առաջ այն նամակները, որոնք քիչ թե շատ հասարակական նշանակություն ունեին։ Անխնայորեն ջնջում էր ահագին պարբերություններ, երբեմն ամբողջ երեսները և տեղը գրում մի քանի տող միայն. ջնջում, փոխում կամ ավելացնում էր այս կամ այն բառը կամ տառը, պեդանտի նախանձախնդրությամբ և համառությամբ պահպանելով լրագրի ուղղագրությունը, որի ստեղծողն ինքն էր։

Մինչդեռ Պատրիկյանը, սուս ու փուս նստած գրասեղանի ծայրին, շարունակում էր գրել իր հոդվածը, այլևս ուշադրություն չդարձնելով սենյակում տիրող ցրտին։ Մի ժամից հոդվածն արդեն պատրաստ էր։ Նա գրած թերթերը դարսեց իրար վրա ըստ թվահամարների, դրեց քարտուղարի առջև և վեր կացավ։

— Ի՞նչ, դու գնո՞ւմ ես,— հարցրեց քարտուղարը, գլուխը բարձրացնելով և նայելով նրան պլպլան ակնոցի միջից։

— Հա։ Ես բոլորովին սառեցի այստեղ։ Գնամ տեսնեմ ի՞նչ եմ անում։ Այսօր բան չեմ առել բերանս, թեյ էլ չեմ խմել։ Տես այդ հոդվածը,— անսիրտ եմ գրել,— թե բանի նման է՝ տպիր, թե չէ՝ զամբյուղը գցիր։ Ցտեսություն։

Եվ Պատրիկյանը դիմեց դեպի դուռը, մի րոպե կանգ առավ նախասենյակում ինչ-որ անվճռականության մեջ, մեքենայաբար թափ տալով ձեռքին բռնած գլխարկը, հետո կամաց ետ դարձավ և ասաց ավելի ևս կամաց, կարծես վախենալով, որ մի ուրիշը կարող է լսել։

— Չե՞ս կարող ինձ մի հինգ ռուբլի փոխ տալ։

— Հինգ ռուբլի՞,— բացականչեց քարտուղարը գլուխն արագորեն բարձրացնելով։

— Հա, խնդրում եմ։ Սենյակիս վարձը պետք է տամ։ Թե չտամ, դուրս են անում։