— Այս րոպեիս, հինգ ռուբլին ի՞նչ է որ,— ասաց քարտուղարը, շտապով հանեց իր մաշված-ջարդված պորտմանեն, բաց արեց, միջի բոլորն փողը — սև ու սպիտակ դրամներ — թափեց սեղանի վրա ու սկսեց համարել, դրամները մեկ-մեկ քաշելով մի կողմ — 10, 20, 35, 50, 58, 60, 62 կոպեկ։ Ահա՛ իմ ունեցած ամբողջ կապիտալը։ Թե որ սրանից 5 ռուբլի դուրս կգա, վերցրու տար տանտիրոջդ աչքը կոխիր։ Հինգ ամիս է՝ ռոճիկ չեմ ստացել, կհավատա՞ս, թե չէ։
Մի րոպե Պատրիկյանը լուռ նայում էր քարտուղարի աչքերին։
— Բաս ինչո՞վ ես ապրում,— հարցրեց։
— Դո՞ւ ինչով ես ապրում,— եղավ քարտուղարի պատասխանը։
Պատրիկյանը ձեռքով հուսահատական մի շարժում արավ, գլխարկը ոչ թե ծածկեց, այլ ծածկելիս ուղղակի խփեց գլխին և դուրս գնաց։
1904
Մի օր, աշնանը, Պետրոսը կառքով բժիշկ էր տանում հիվանդ կնոջ համար։ Մոտ քառասուն տարեկան տղամարդ էր արդեն, բոլորովին սպիտակահեր գլխով, գաջի պես գունատ դեմքով, խոհուն, տխուր աչքերով։ Օրը կիրակի էր, աշնանային այն թխպոտ օրերից մեկը, երբ ցերեկվա դալուկ լույսի մեջ ամեն ինչ թվում է ծեծված, ճմլկված, տխուր։ Երկրորդ օրն էր արդեն բարակ անձրև էր մաղում սրտամաշ, միալար։ Օդը հագեցած էր մինչև ոսկորները թափանցող անախորժ ցուրտ խոնավությամբ։ Կառքի գլուխը ծածկված էր և այնքան ցածր էր առջևից, որ Պետրոսը ամբողջ մեջքով կռացած՝ տեսնում էր փողոցների անձրևի ջրերով ծածկված սալահատակները և մեկ էլ անցուդարձ անողների ոտները միայն։ Նա առհասարակ շատ անհարմար դրության մեջ էր