զգում իրեն բժշկական այդ նեղ ու ցածրիկ կառքի մեջ, որը հարմարեցրած էր մի հոգու համար, և աշխատում էր նստել այնպես, որ իր հարևանությունը չխանգարի բժշկին իր սեփական կառքի մեջ ազատ տեղավորվելու:
Իսկ բժիշկը, չորիկ-մորիկ, ըստ երևույթին, սակավարյուն մի երիտասարդ, վերարկուի մորթե օձիքը մինչև մորթե փափախը բարձրացրած՝ պարզ ակնոցների միջով կողքից նայում էր Պետրոսի մազակալ կիսադեմքին և երկար ժամանակ նրան տանջում էր մի համառ միտք՝ թե ո՞րտեղ էր տեսել գաջի գույն ունեցող այդ դեմքը։
— Ես ձեզ կարծես թե տեսել եմ մի տեղ,— ասաց վերջապես բժիշկը:
— Այո, տեսել եք,— պատասխանեց Պետրոսը։— Անցյալ ամսին, որ ինժեների հետ դիտում էիք այն տունը։
— Ո՞ր տունը։
— Այն մեծ տունը... Թամազյանները որ շինում են։ Այն ես էի, որ ոտս չբռնեց, տախտակամածից ընկա, ուշաթափվեցի, և դուք ինձ ետ բերիք։
— Հա՜, այ, որտեղ եմ տեսել ձեզ,— բացականչեց բժիշկը վերջապես հիշելով։— Դուք այնտեղ ի՞նչ էիք շինում։
— Բանում եմ։
— Այսի՞նքն։
— Մշակություն եմ անում։
— Ինչպե՞ս թե մշակություն,— զարմացավ բժիշկը։
— Դե մշակությունն ի՞նչպես կլինի. հող եմ թափում, ցեխ եմ շաղախում, քար եմ կրում...
— Սպասեցեք։ Դուք ախր մշակի նման չեք, կարգին էլ խոսում եք։
Պետրոսը մի ծանր թառանչ քաշեց։
— Ինչ արած,— ասաց նա։— Կարիքը մարդու ամեն բան անել կտա։ Կար ժամանակ, և այդ ժամանակը հեռու անցյալ չէ, ես ինքս կարող էի մշակ բանեցնել, բայց հիմա... Խանութ ունեի բազարում։ Լավ թե վատ, ապրում էի ինձ համար, ականջս դինջ։ Կարոտություն չեմ քաշել իսկի... Բայց անցյալ տարի[1] կազակները բազարը որ ավերեցին, ուրիշների
- ↑ 1905-ի հեղափոխության տարին: