Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
* * *

Փողոցի լճացած ցեխը դեսուդեն շպրտելով՝ կառքը գնաց կանգ առավ մի խարխուլ տան ընդարձակ բակի դռան առջև, որը հնությունից մի կողմ թեքված՝ կարծես ասում էր՝ պառկեմ հանգստանամ։

Բժիշկը Պետրոսի հետ իջավ կառքից և, աշխատելով անցնելու հարմար տեղ գտնել, մտավ բակը, որտեղ կավային ցեխի մեջ երևում էին ձիերի սմբակների բազմաթիվ հետքեր քրեղանների պես՝ անձրևի ջրով լի։ Մի անկյունում անասունների աղբի, դարմանի և խոտի լճացած շաղախի մեջ խռխռացնելով թավալգլոր էին գալիս երկու վտիտ խոզ՝ կանաչավուն ցանցառ ջագարները ասեղների պես ցցած։

Պետրոսը բժշկին առաջնորդեց բակի պարսպի տակ հետևե-հետև շարված փտած տախտակների վրայով դեպի տան ներքին հարկը, իջավ աղյուսի ծուռտիկ-մուռտիկ աստիճաններով մի երկար անցք՝ վերին հարկի պատշգամբի տակ, բաց արեց այդտեղ գտնված դռներից մեկը և ետ քաշվեց, որ բժիշկը մտնի։

Բժիշկը մտավ սենյակի նմանություն ունեցող կիսախավար մի նկուղ՝ աղյուսե հատակով, գաջով սվաղած խիստ խոնավ պատերով և գերանածածկ առաստաղով։ Նկուղը լուսավորվում էր տան հետևի փողոցի կողմից երկու փոքրիկ պատուհանով, որոնք դրսից կիսով չափ գտնվում էին գետնի մեջ, իսկ ներսից իրենց վերին մասով համարյա կպած էին առաստաղին։ Դռան դիմացը անկյունում դրված էր հիվանդի մահճակալը ձուլածո երկաթից, մաքուր անկողնով։ Մահճակալի առջև հատակին դրված էր մանկան օրորոցը, որի ծոպից բռնած օրորում էր հիվանդը՝ ոսկրացած ձեռքը կիսով չափ վերմակի տակից հանած։ Մեջտեղը դրված էր հասարակ մի սեղան, որի այս ու այն կողմը իրար դեմուդեմ նստած էին Պետրոսի փոքրիկ տղան ու աղջիկը և գրում էին աշակերտական տետրակների վրա։ Պատուհաններից մեկի տակ վառվում էր թիթեղյա մի վառարան, որի խողովակը դուրս էր տարված պատուհանից։ Վառարանի մեջ ճրթճրթում էին, ըստ երևույթին, տաշեղներ. չաղ կրակի բոցը վառարանի դռնակի ծակոտիներից գիշերվա պես լուսավորում էր մութ հատակը,