Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որի վրա պատուհաններից լույս չէր ընկնում գրեթե: Սենյակի օդը հագեցած էր խոնավության, քրտնքի և թիթեղի վրա այրված ճարպի հոտով։

— Փո՛ւհ, այս ի՞նչ օդ է,— բացականչեց բժիշկը։— Բայց թողեք, բաց թողեք դուռը,— դիմեց նա իր հետևից մտնող Պետրոսին։

Պետրոսը դուռը բաց թողեց։ Ներսի սաստիկ տաքացած գաղջ օդը սկսեց դուրս հոսել բաղնիքի գոլորշու պես։

Երկու երեխաները բժշկին տեսնելուն պես վեր կացան: Հիվանդը, որի երեսին միայն մաշկն ու ոսկորներն էին մնացել, թողեց օրորոցի ծոպը և շտկվեց անկողնում։

Բժիշկը մեկ ուզեց կրկնակոշիկները հանել դռան մոտ, բայց տեսնելով, որ հատակը թաց է, չհանեց, այլ միայն վերարկուի օձիքը ետ ծալեց, մորթե գլխարկը դրեց սեղանի վրա և մոտեցավ հիվանդին:

Պետրոսը մահճակալի առջևից վերցրեց օրորոցը, դրեց հեռու, աղջկան գլխով արավ, որ գնա օրորի, իսկ ինքը հեռու-մոտիկ կանգնեց հիվանդ կնոջ մահճակալի մոտ:

— Նստեք տեսնենք,— դիմեց բժիշկը հիվանդին։

Հիվանդը տաքությունից այրվող իր ահագին աչքերով մի վախկոտ հայացք ձգեց բաց դռան կողմը։

— Հա, մի քիչ ետ դրեք,— դիմեց բժիշկը Պետրոսին,— չի կարելի հիվանդին այսպիսի օդում պահել։

Պետրոսը դուռը կիսով չափ ետ դրեց։

Հիվանդը զոռ տալով իր կմախքացած բազուկներին՝ նստեց. շնչում էր ծանր ու հատու, երկար տեղ վազած մարդու նման։

Բժիշկն սկսեց իր խողովակով քննել նրա կուրծքը, կողերը, թիկունքները։ Այդ միջոցին ինչ-որ տարօրինակ խուլ դրնգդրնգոց, որ շարունակ լսվում էր հաստ պատի հետևից, գրավեց նրա ուշադրությունը:

— Այս ի՞նչ ձայներ են,— հարցրեց նա, խողովակը հեռացնելով հիվանդի թիկունքից։

— Ձիեր են,— շտապեց պատասխանել Պետրոսը։— Մեր կողքին գոմ է։

— Հա՛։ Ուրեմն ձեր հարևաններն անասուններ են եղել,— սրախոսեց բժիշկը, ծիծաղեց և խողովակը նորից դրեց հիվանդի