Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կիսով չափ խելքից ցնդած գավառացի մի ազգասեր — և այdպես էլ նա անվանում էր իրեն իր բարեկամների շրջանում՝ արտաքուստ հեգնորեն, բայց ներքուստ խորին համոզմունքով), կուլ տուր և ուզես-չուզես՝ մարսիր. հայոց ազգը կվարձատրի քեզ, երբ որ մեռնես»։

— Կրթված մարդ եք իբր թե, խմբագիր, հրապարակախոս, թերթ եք հրատարակում և թույլ եք տալիս ձեզ...— շարունակեց տանտիրուհին իր ծանր մուրճի հարվածները, բայց խոսքը կիսատ մնաց բերանում, որովհետև խմբագրի այն ոտը, որ ցնցվում էր ջղայնորեն, բարձրացավ և հանկարծ իջավ հատակի վրա այնպիսի ուժգին զարկով, որ դատական պրիստավն ու Հայրումյանը վեր թռան տեղներից վախեցած, կարծելով, թե մի բան պայթեց։

— Բավակա՛ն է,— գոչեց խմբագիրը կատաղության հանկարծական բռնկումի զիլ հնչյուններով։— Ես ձեր ոչ սեռին և ոչ տիտղոսին կնայեմ և դուրս կշպրտեմ ձեզ պատուհանից, եթե շարունակեք ինձ վիրավորել...

Եվ որովհետև նա կատաղի աչքերով սպառնագին մի երկու հուժկու քայլ դրեց դեպի տանտիրուհին, դատական պրիստավը և Հայրումյանն ակամա առաջ ընկան, որ բռնեն նրան։

Խմբագիրը, սակայն, կանգ առավ ինքն իրեն զսպած։ Նրա ամբողջ ջլապինդ մարմինը դողում էր զսպած կատաղությունից և սև, խոշոր աչքերից կարծես կայծեր էին դուրս ցայտում։

— Այս ի՞նչ վայրենի տեսարան է, այս ի՞նչ վայրենի տեսարան է,— շշնջաց իշխանուհին, ետ ու ետ քաշվելով, ըստ երևույթին, բավական վախեցած և զարմացած։— Համ պարտքը չվճարել, համ էլ... Ես ոչինչ չեմ հասկանում, պարոններ,— ծայրահեղորեն ապշած դիմեց նա դատական պրիստավին և Հայրումյանին, որոնք արդեն կանգնել էին նրա և խմբագրի մեջտեղը։

— Չեք հասկանում, հա՞... իսկ երբ որ ձեր քիթ ու պռունկը ջարդեմ, այն ժամանակ կհասկանաք,— աղաղակեց խմբագիրը բռունցքները ցնցելով օդի մեջ։

— Да что это такое!...— ճչաց իշխանուհին, դառնալով